«Մեկ ամսվա ընթացքում հայերի ցեղասպանության դատապարտման հարցը կմտնի Շվեդիայի խորհրդարան», սա մեջբերում է թուրքական «Միլլիեթ» թերթից: Շվեդիայի այս որոշումը բավական անակնկալ է եղել այդ երկրում գտնվող Թուրքիայի պատվիրակության համար: Պատվիրակությունը ղեկավարում է Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը, որը, տեղեկանալով այդ մասին հենց Շվեդիայում, հայտարարել է, թե դա Արեւմուտքի եւս մեկ փորձ է ճնշելու Թուրքիային` վավերացնելու հայ-թուրքական Արձանագրությունները: «Սակայն ինչպիսի ճնշման տակ էլ Թուրքիան ընկնի, մենք չենք վավերացնելու այդ Արձանագրությունները, մինչեւ Հայաստանի Սահմանադրական դատարանը վերանայի իր որոշումը, ինչպես նաեւ հայկական զորքերը դուրս գան Ադրբեջանի օկուպացված շրջաններից», «նորությամբ» հանդես է եկել Մարջանը :
Թե ինչո՞ւ է Հայաստանի ՍԴ-ի որոշումը անընդունելի միայն Անկարայի համար, եւ ի՞նչ կապ ունեն երկկողմ հարաբերություններում երրորդ երկրները (եթե, իհարկե, դա իրոք «երրորդ» երկիր է-Հ.Ա.), թուրք պաշտոնյան չի նշել:
Հավելենք, որ Շվեդիայում իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երեք ամիս առաջ արդեն ընդունել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: