Օրերս հայրենի կառավարությունը ընդունեց որոշում, որով հնարավորություն է ստեղծվում երիտասարդ ընտանիքներին աջակցել հիպոթեկով բնակարաններ ձեռք բերելու խնդրում: Սակայն այդ որոշումը դժգոհություն է առաջացրել շատ երիտասարդ ընտանիքներում, եւ ամեն մեկն իր բացատրություներն ունի այդ որոշման մի շարք կետերի շուրջը:
«Ազգը» զրուցեց Սեդրակ եւ Վիկա Առաքելյան ամուսինների հետ: «Մենք մանրամասն ուսումնասիրել ենք այդ որոշումը: Իհարկե, մեր պետական այրերը մտահոգված են երկրի երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրով: Սակայն այն սահմանափակումները, որ դրվել ենՙ ընդունելի չեն: Խոսքս մինչեւ 60 տարեկան ամուսնական զույգի տարիքների գումարին է վերաբերում: Ես 38 տարեկան եմ, կինսՙ 32: Ստացվում է, որ մենք չենք կարող օգտվել անգամ այդ փոքր հնարավորությունից: Արդեն 12 տարի է բնակվում ենք վարձակալած 1 սենյականոց բնակարանում իմ երկու զավակների հետ: Ստացվում է, որ մեր հայրենի կառավարությունը փորձում է աջակցել այն երիտասարդներին, որոնք 20 տարի առաջ 10-15 տարեկան էին եւ երկրի համար ոչինչ չեն արել: Իսկ ես եւ իմ նման շատ երիտասարդներ, որ (17-30 տարեկան) կամավոր մեր պարտքը կատարեցինք Արցախյան պաշտպանության օրերին, այսօր դուրս ենք մնացել մեր երկրի ղեկավարների ուշադրությունից: Ահա հենց այդ անուշադրությունը, արհամարհանքը մեր նմանների հանդեպ դրդում է, որ լքենք մեր երկիրը, օտար ափերում աշխատանք ու օջախ հիմնենք: Չգիտեմ, ձեր թերթը մեր այս մտահոգությանը կանդրադառնա, թե՞ ոչ, սակայն դա շատ լուրջ խնդիր է եւ խնդրում եմ իմ ասածները չկրճատեք»:
ԵՊՀ-ի ուսանողուհի Անահիտ Կարապետյանը եւ իր ամուսինը որոշել էին օգտվել կառավարության այդ որոշումից եւ ահա թե ինչ ասացին. «Չնայած մեր տարիքը համապատասխանում է, սակայն անհասկանալի է աշխատավարձի հստակ չափ սահմանելու դրույթը: Ամուսինս ստանում է 180.000 դրամ, ես էլ ուսանող եմ (վարձս դեռ ծնողներս են վճարում): Մենք որտեղից պիտի ամսական 130.000 դրամ վճարենք ու նաեւ դրա եռապատիկի դեպքում միայն իրավունք ունենանք օգտվել հիպոթեկից: Ո՞վ է հիմա 400.000 եւ ավելի աշխատավարձ ստանում, որ այդ հնարավորությունից օգտվի: Դրանք միայն փող ունեցողներն են, խոպանչիները, կներեքՙ արտագնա աշխատանքի մեկնածները, որոնք տուն էլ ունեն, փող էլ ունեն եւ կօգտվեն նաեւ Երեւանում բնակարան ձեռք բերելու հնարավորությունից: Իսկ հետո այդ բնակարանները կամ կվաճառեն (թանկ գնով), կամ էլ վարձակալության կտան: Մի խոսքով, եթե մեր կառավարությունը ուզում էր որեւէ լավ բան անել երիտասարդ ընտանիքների համար, թող այդ դաշտը լավ ուսումնասիրեր, ցուցակագրեր բոլոր նրանց, ովքեր բնակարանի կարիք ունեն, ու հետո այցելեր ցուցակագրվածների բնակարանները, մանրամասն տեղեկանար նրանց վիճակին առանց խիստ ժամկետ սահմանելու, կամ էլ ասենք մինչեւ ամուսիններից մեկի 45 տարեկանը կամ երկուսի տարիքի գումարը կազմի 70 տարի, այլ ոչ թե 60, ինչպես նշված է որոշման մեջ, եւ ըստ դրա որոշում կայացներ: Ստացվում է, որ այդ որոշումն էլ, ինչպես շատ ուրիշները, կրկին ունեւորների համար է: Էդպես հարցերը չեն լուծվի: Չորս տարի է ամուսնացած ենք, բայց երեխա չենք ուզում ունենալ, քանի որ նրան պահելու, խնամելու համար միջոցներ չունենք: Իսկ այս հարցերը մեր ղեկավարներին չի հուզում»:
Մեր զրույցին միացավ Անահիտի մտերմուհին, որը 35 տարեկան էր ու շատ զայրացած արտահայտվեց. «Եթե ճիշտն եք ուզում իմանալ, ասեմ, որ իմ կյանքի լավագույն տարիներն անցան ու ես չկարողացա ամուսնանալ իմ սիրած տղայի հետՙ Արցախի կռվի պատճառով: Սպասեցի տարիներ: Նա զոհվեց ու կյանքս փշրվեց: Արդեն 35 տարեկան եմ, եթե բախտս բացվի ամուսնանամ, ապա այդ ամուսինս կամ մի քանի տարի մեծ կլինի ինձանից, կամ էլ իմ հասակակիցը: Ինչ է ստացվում. մենք այլեւս երիտասարդ ընտանիք չենք եւ չենք կարող օգտվել այդ որոշումից: Դե հիմա հաշվեք, թե ինձ պես քանի-քանիսի մուրազը անկատար մնաց ու տարիքն անցավ: Իսկ տարիքիցս ավելի ջահելի հետ երբեք չեմ ամուսնանա: Ահա սա է մեր այսօրվա երիտասարդների մտահոգությունը, որ չեն կարողանում ընտանիք կազմել, էլ չեմ ասում, գոնե օգտվել ինչ-որ արտոնություններից: Իսկ այս լուրջ հարցը մշտապես դուրս է մնում ղեկավարների ուշադրությունից»:
Մեր զրույցը գրեթե ավարտվում էր, երբ մեզ մոտեցան մայր եւ որդի ու հետաքրքրվեցին, թե ինչի՞ շուրջ էինք տաք-տաք զրուցում: Երբ բացատրեցի, 74-ամյա թոշակառու Սիրան մայրիկն ասաց. «Աղջի՛կս, իմ սրտից խոսեցիր: Երկու տղա ունեմ, երկուսն էլ ամուսնացած ենՙ ունեն զավակներ, եւ երկուսն էլ վարձով են ապրում: Մենք ամուսիններով մեկ սենյականոց բնակարանում ենք ապրում եւ շատ մտահոգված ենք, թե ի՞նչ է լինելու անտուն մեր զավակների ճակատագիրը: Բա էսենց բան կլինի, երիտասարդներն իրենց հայրենի հողում մի կտոր հող չունենա՞ն, տուն չունենա՞ն, աշխատանք չունենա՞ն: Մինչեւ ե՞րբ: Որտեղից իմ բալեքին էդքան փող, որ ամիսը 130.000 դրամ տան հիպոթեկի վճար: Ինչո՞ւ ուրիշ երկրներում չնչին տոկոսով են հիպոթեկ տալիս ու դեռ 25-30 տարվա ընթացքում այդ գումարը փակելու հնարավորություն, այլ ոչ թե պարտադիր ֆիքսված գումար պահանջում: Հենց այդպիսի անկատար ու անօգուտ որոշումները, օրենքները, որոնք գրվում են իրենց համար, ստիպում են մեր երիտասարդներին ընտանիք չկազմել, գնալ երկրիցՙ անգամ ծնողներին թողնելով կարոտը սրտներում, աչքերը թաց: Աղջի՛կ ջան, սա երկիր չի, մենք հլա ջհանդամ, բա էս երիտասարդները ինչո՞ւ պիտի խեղճացած ապրեն, ամեն ինչից զուրկ, աչքներն ուրիշի հագուկապին, ապրուստին: Բա որ մի օր էլ չդիմանան ու կրակի տան իրենց «շրջապատի» լափողների ունեցվածքը եւ հետո էլ ինքնասպան լինեն, ինչպես եղավ մեր հարեւանի տղա Տիգրանի հետ: Գնացեք ու մի լավ մտածեք ասածներիս վրա, գրեք, թող էդ մեծամեծերը կարդան ու իմանան, թե իրենց ի՞նչ կարող է բաժին հասնել մեր ջահելներին զայրացնելով ու արհամարհելով: Էսքանը, վերջ»:
Ահա թե ինչ արձագանք է գտել կառավարության այդ որոշումը համեստ կամ միջին խավում: Հարցը իրոք լուրջ ուսումնասիրության եւ փոփոխությունների կարիք ունի, եթե իրոք ուզում են երիտասարդ ընտանիքներին աջակցել...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ