Մեծ հետաքրքրությամբ կարդացի «Ազգ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում տպագրված «Հայաստանի հելիոֆիկացիան պատմական անհրաժեշտություն է» հոդվածը: Նախ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել թերթին, որ հնարավորթյուն է տալիս մեր մտավորականներին հանդես գալու այդպիսի ծավալուն հրապարակումներով: Շնորհակալությունս եմ հայտնում նաեւ հոդվածի հեղինակին, մեր տաղանդավոր գիտնական Վահան Համազասպյանին իր ազգօգուտ աշխատանքի եւ երկրի տնտեսության մասին իր խոր մտահոգությունների համար: Զարմանալի, սակայն փաստ է, որ մեկ էջի սահմաններում հեղինակին հաջողվել է լիարժեք ներկայացնել Հայաստանի տնտեսության վիճակը պատմական այնպիսի մի կարճ եւ շատ կարեւոր ժամանակահատվածում, որը մեր անկախության տարիներն է ընդգրկում: Ի սկզբանե անկախ պետության իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է հանդիսանար տնտեսության վերելքի ապահովումը` օգտագործելով ԽՍՀՄ-ից մեզ ժառանգություն հասած արտադրական եւ գիտական ներուժը եւ, այդ բոլորին գումարած, այն համաժողովրդական խանդավառությունը, որը տվել էր մեզ անկախությունը: Թվում էր, թե խնդիրը լուծելի է: Համենայն դեպս դրա ռեալ նախադրյալները կային: Հայաստանը կուտակել էր մի հսկայական պոտենցիալՙ գիտության եւ արդյունաբերության ժամանակակից ճյուղերում. մեքենաշինություն,քիմիա, գիտական սարքաշինություն, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա եւ այլն: Քչերին է հայտնի, որ Հայաստանում են ծնվել «Նանոսկոպի», «Նեյրոկոմպյուտորների» եւ համաշխարհային գիտության համար այսօր էլ մեծ հետաքրքրություն ներկայացնող բազում այլ գաղափարներ: Մեր գիտնականները, տնտեսագետները եւ ճարտարագետները եղանակ էին ստեղծում ԽՍՀՄ բոլոր գիտական կենտրոններում` սկսած Նովոսիբիրսկից, վերջացրած Մոսկվայով եւ Լենինգրադով: Այսօր էլ նրանք գլուխգործոցներ են ստեղծում արտերկրում: Մի քանի օր առաջ ողջ աշխարհը ականատես եղավ ռուսական հրաշք-տեխնիկայի` ռազմական գերինքնաթիռի ցուցադրական թռիչքին, որը մեր հայրենակից Միքայել Ասլանի Պողոսյանի մտքի թռիչքի արդյունքն էր:
Նախադրյալներըՙ նախադրյալ, բայց այսօր մեր տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում`ամենահետամնաց երկրների շարքում: Ինչո՞ւ: Դարձյալ մեր խելքից: Ինչքա՞ն կարելի է պնդել, որ արեւային տեխնիկայի ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության զարգացման համար խիստ կարեւոր է: Անընդհատ այդ էր պնդում մեր հանճարեղ, բայց ավաղ հանգուցյալ, ակադեմիկաոս Պարիս Հերունին: Այդ մասին է արտահայտվում մեր մյուս ճանաչված գիտնականը` տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը: Արեւային տեխնիկայի կարեւորությունը հասկանում են բոլոր հայերը` մեծ թե փոքր, որոնք տեսան էներգետիկ ճգնաժամի այն դաժան մութ եւ ցուրտ տարիները: Արեւի էներգիան` Աստծո պարգեւն է մեզ տրված ի վերուստ: Մենք պարտավոր ենք ստեղծել համապատասխան արեւային սարքեր եւ արեւի էներգիան օգտագործել ամենուր, որտեղ հնարավոր է: Դա է Հայաստանի հելիոֆիկացիայի առաջարկվող գաղափարը: Յուրացնելով արեւային տեխնիկան եւ տեխնոլոգիաները, հետագայում մենք կարող ենք մեր փորձը, գիտելիքները եւ տեխնիկան տարածել աշխարհից-աշխարհ եւ, դրանով իսկ, փող աշխատել, նպաստել մեր երկրի առաջ կանգնած տնտեսական խնդիրների լուծմանը: Ես, իհարկե, նկատի ունեմ մեր ողջ ժողովրդի, մեր բոլոր քաղաքացիների առջեւ կանգնած խնդիրների լուծումը: Առանձին անհատներ կարող են շարունակել իրենց անձնապաշտական խնդիրները լուծել ազգային ռեսուրսների հաշվին` օտարներին օտարելով մեզ համար հույժ կարեւոր գիտական ներուժը եւ տեխնիկան:Այսպիսի ծանր վիճակում էլ կշարունակի ծվարել մեր անկախ Հայաստանը, եթե մենք սատար չկանգնենք մեր սեփական գաղափարների իրականացմանը, չծառայեցնենք նրանց մեր երկրի բարգավաճմանը եւ հզորացմանը:
Ես լիովին պաշտպանում եմ Հայաստանի հելիոֆիկացիայի գաղափարը եւ կոչ եմ անում մեր իշխանություններին բազմակողմանի աջակցություն ցուցաբերել մեր գիտնականների նախաձեռնությանը: Աշխարհում առաջինը հելիոֆիկացնենք Հայաստանը, բարելավենք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը` ի տես մեր ներքին եւ արտաքին թշնամիների: Դրանից կշահի միայն ժողովուրդը, դրա համար շնորհակալ կլինեն մեր սերունդները եւ միայն բարի խոսքերով կհիշեն մեզ:
Խորին հարգանքներով`
ՍԵՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԿՐՏՉՅԱՆ, Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս, Երեւան