«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ԵՎԱ ՌԻՎԱՍԸ ԿՄԵԿՆԻ ՕՍԼՈ, ԷՄԻՆ ՈՒ ՄԻՀՐԱՆԸ ԿԴԻՄԵՆ ԴԱՏԱՐԱՆ

Փետրվարի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Եվրոտեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը: Մասնակիցներն 9 էին, որոնց մեծ մասին հանդիսատեսը ծանոթ չէր: Ամենայն հավանականությամբ նրանցից շատերն առաջին անգամ էին ոչ միայն բեմ բարձրանում, այլեւ երգում: Ինչեւէ, դա արդեն փորձված մեթոդ է, որպեսզի նորելուկների կողքին քիչ թե շատ փայլեն հավանական թեկնածուներ: Քվեարկության պատկերը ստացվել էր ժյուրիի գնահատականների ու sms քվեարկությունների համագումարում: Ժյուրիի կազմը ներկայացրել էր ՀՀ մշակույթի նախարարությունըՙ նպատակ ունենալով պահպանել անաչառություն: Մրցույթի հենց սկզբից զգացվում էր լարված մթնոլորտ: Այն հասնում էր իր գագաթնակետին, երբ երգչուհիներ Էմիին կամ Եվա Ռիվասին հարց էին ուղղում: Նրանք էլ առիթը բաց չթողնելով մի հատված էին կատարում իրենց երգերից, իսկ երկրպագուներն անդադար բղավում էին: Անգամ հեռուստացույցից ակնհայտ էր, որ երգչուհիների երկրպագուները հավաքվել էին դահլիճի տարբեր մասերում ու տրամադրված էին մարտականորեն:

Մինչ արդյունքների ամփոփումը երգեց Լիս Ասիան, որ Հայաստան էր ժամանել աջակցելու Եվա Ռիվասին: Բացի այդ, ելույթ ունեցավ Եվրոտեսիլին առաջինը Հայաստանը ներկայացրած երգիչ Անդրեն, որ սեւ վերնաշապիկի վրա մակագրել էր Eva Rivasՙ ի նշան աջակցության:

Մրցույթի արդյունքներն ամփոփելու համար հաղորդավարները բեմ հրավիրեցին բոլոր կատարողներին: Չգիտես ինչու անգլերենով Ինգա եւ Անուշ Արշակյանները հայտարարեցին Եվա Ռիվասի անունը, ինչից հետո, ի նշան բողոքի, Էմին, Միհրանն ու Ռազմիկ Ամյանը նախ խոնարհվեցին, հետո լքեցին բեմը: Նրանց օրինակին հետեւեց հանդիսականների մի մասը: Մինչ Եվա Ռիվասը բեմում շնորհակալություն էր հայտնում վստահության համար, Էմին ու Միհրանի երկրպագուները դժգոհում էին: Ըստ շրջանառվող լուրերի, իրավիճակն այնքան է թեժացել, որ Ռիվասը հետնաբեմից դուրս է եկել կարմիր բերետավորների ուղեկցությամբ:

Էմի եւ Միհրան զույգի PR ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը համերգից հետո պատմեց, որ քվեարկության ընթացքին հետեւող իրենց մասնագետը արձանագրել է, որ քվեարկության 30-րդ վայրկյանին Ռիվասի օգտին արդեն 5000 ձայն է արձանագրվել: «Հետո սերվերը կախեց: Մի՞թե Էմին Հայաստանում չունի երկրպագու, որ ընդամենը 1400 ձայն ստացավ», զարմանում է Գրիգորյանը:

Ռիվասի պրոդյուսերՙ Մոսկվայի «Արմենիա փրոդաքշն» ընկերության ղեկավար Վալերի Սահարյանը մեկնաբանելով Էմիի եւ Միհրանի դժգոհություններն ասաց. «Կարճ պատասխանեմ. հաղթել կարողանալուց բացի, պետք է իմանալ նաեւ պատվով պարտվել: Եկեք համախմբվենք հաղթող մասնակցի շուրջ»:

«Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Նադեժդա Սարգսյանն էլ փաստեց, որ Էմիի եւ Միհրանի, նաեւ երգիչ Ռազմիկ Ամյանի օգտին ուղարկվող հաղորդագրություններն արգելափակված են եղել: «Թող մամո՛ւլը գնահատի, թե ինչպե՞ս հնարավոր է, որ հայ հանդիսատեսին քաջ հայտնի Էմին եւ Ռազմիկ Ամյանը 1400 հաղորդագրություն են ստանում, իսկ բոլորովին անհայտ մեկըՙ 6000-ից ավել: Սա էլ այն պարագայում, երբ Ռազմիկ Ամյանն իր համերգների ժամանակ 7000 տեղ ունեցող դահլիճ է հավաքում», նկատում է Սարգսյանը: Վերջինս հավելում է, որ ըստ դեռեւս վերջնականապես չճշտված տեղեկություններիՙ ժյուրին ընտրել է Էմիի ու Միհրանի երգը: Մինչ հայտարարությամբ եւ մամուլի ասուլիսով ներկայանալը, Նադեժդա Սարգսյանը հեռախոսային բոլոր օպերատորներից պահանջելու է sms քվեարկությունների վերծանությունները: Ամենայն հավանականությամբ մրցույթի արդյունքները վիճարկող հայցով Էմին եւ Միհրանը կդիմեն դատարան: «Հուսանք, որ օրենքը մեր կողմը կլինի: Խախտումը ոչ թե հեռախոսային օպերատորներից, այլ սերվերներից է եղել»:

«Ինչ վերաբերում է sms արգելափակումներին, ապա պետք է խոստովանեմ, որ եղավ մի պահ, երբ մենք էլ հաղորդագրություն էինք ուղարկում ու չէր գնում: Այդ հարցը Նադեժդա Սարգսյանը պետք է լուծի հեռախոսային օպերատորների հետ: Ուրիշ բան չեմ կարող ասել: Մենք դրա հետ կապ չունենք, այդպիսի բան չկա: Մինչ մրցույթը նրանք հայտարարում էին, որ եթե Էմին չհաղթի, իրենք բոյկոտելու են ու հայտարարելու, որ մրցույթն ու քվեարկությունը կեղծ էր», «Ազգ» հեռախոսազրույցում ասաց Եվա Ռիվասի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Մարտիրոսյանը : Դեռ պարզ չէ, թե ով է նկարահանելու տեսահոլովակը, ով է կազմակերպելու շոուն եւ այլն: Մարտիրոսյանն ասաց, որ այդ հարցերը քննարկելու են Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. երեկ երեկոյան օպերայի հարեւանությամբ էմիի երկրպագուները բողոքի ակցիա էին կազմակերպել: «Կպայքարենք, որ արդարությունը հաղթանակի: Եվա Ռիվասը գնել է իր ձայները, մենք գիտենք, թե ով է իր թիկունքին կանգնած: Բայց արվեստը չեն գնում, իսկ էմին շատ է աշխատել, նա արժանի է Հայաստանը ներկայացնել Եվրոտեսիլին», ասում էին նրա երկրպագուները: Վերջիններս դժգոհում էին, որ իրենց հաղորդագրությունները տեղ չեն հասել, մի քանիսն էլ զանգել եմ վիվասել-ի գրասենյակ ու պարզել, որ նման համարով հաղորդագրություն չեն ստացել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հավաքվածները Նադեժդա Սարգսյանի ղեկավարած քոլեջի ուսանողներն էին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4