Նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին ու հայկական լրատվամիջոցներին ուղղված «բաց նամակ» ենք ստացել Հայաստանի պետական կամերային նվագախմբի 18 երաժիշտներից, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում նվագախմբում տիրող մթնոլորտի առթիվ եւ խնդրում իրենց «հեռու պահել ամեն տեսակի խարդավանքներից եւ տալ արդարացի լուծում այս հարցին»: Իսկ հարցը, որքան մենք հասկացանք ստորեւ հրատարակվող այդ «բաց նամակից» եւ խմբագրություն այցելած երաժիշտների հետ զրույցից, վերաբերում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Արամ Ղարաբեկյանի աշխատանքային վարվեցողությանը, կամ ինչպես երաժիշտներն էին ասումՙ կոլեկտիվի անդամներին նսեմացնելու նրա փորձերին:
Մաեստրո Արամ Ղարաբեկյանը մեր երկրի ամենասիրված դիրիժորներից է, ինչպես եւ նրա ղեկավարած նվագախումբը: Միայն անցած տարի ամռանը նրա ղեկավարած բաց համերգները ինչ ասես որ չեն արժիՙ երաժշտականությամբ լցնելով երեւանյան երաժշտազուրկ մեր ամառը: Ու ցավ է մեզ համար, որ նվագախմբում նման մթնոլորտ գոյություն ունի, որը շարունակվելու դեպքում կարող է վատ անդրադարձումներ ունենալ կոլեկտիվի եւ նրա կատարումների համար, ի վնաս մեզ բոլորիս: Եվ հենց այդ պատճառով խմբագրությունս պատրաստ է հյուրընկալել մեր մտահոգությունները փարատող որեւէ այլ կարծիք ու տեսակետ:
ԽՄԲ.
Այսօր, ցավոք սրտի, Հայաստանի պետական կամերային նվագախմբում առկա է չափազանց լարված ու անառողջ մթնոլորտ, որի պատճառը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղ. ղեկավար Ա. Ղարաբեկյանի եւ նվագախմբի երաժիշտների մեծամասնության` 23-ից 18-ի միջեւ գոյություն ունեցող հակամարտությունն է:
Հակամարտության բուն պատճառը ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է քաջատեղյակ լինել նվագախմբի ներսում եւ նվագախմբի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ անհերքելի փաստերին:
Ա. Ղարաբեկյանի ղեկավարման օրոք վերջինիս կողմից կատարվել են բազմաթիվ կամայականություններ: Աշխատանքային մի փոքր դրվագ առիթ հանդիսացավ, որպեսզի Ա. Ղարաբեկյանը անհիմն գրավոր նկատողության ենթարկի երաժիշտներից մեկին, ինչից եւ սկիզբ առավ արդեն վեց ամիս ձգվող լարվածությունը: Հերթական կամայականությունն այնքան անարդար էր, որ նվագախմբի երաժիշտներս որոշեցինք խնդրանքով դիմել, որպեսզի Ա. Ղարաբեկյանը վերանայի իր հրամանը (ի դեպ հրամանը կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տրված էր օրենքի խախտմամբ, ինչը շատ բնորոշ է Ա. Ղարաբեկյանին): Վերջինս չհանդուրժեց մեր «հանդուգն» քայլը եւ սկսեց դավեր նյութել այն երաժիշտների դեմ, որոնց հետ հիանալի ելույթներ է ունեցել աշխարհի շատ բեմերում: Մենք հիմա ենք հասկանում, որ նշված դեպքից հետո Ա. Ղարաբեկյանը նախանշած ծրագիր ուներ եւ նվագախմբի հիմնական կազմը վերափոխելու նպատակ էր հետապնդում, ինչի ապացույցն են նրա կատարած հետագա քայլերը:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը մասնակցում էր «Բաց երաժշտություն» փառատոնին: (Ի դեպ` առանց պայմանագրի եւ վճարվել է մասնակի): Մեր լարված աշխատանքից հետո գեղ. ղեկավարը խոստացել էր հանգիստ տրամադրել նվագախմբին, սակայն վերոհիշյալ իրադարձություններից հետո մեզ պարտադրվում էր ստորագրել մեկամսյա պայմանագիր, եւ փառատոնի ավարտից 13 օր հետո նշանակվեցին որակավորման ունկնդրումներ: Երբ դիմեցինք Ա. Ղարաբեկյանին, որ 13 օրը շատ քիչ է առաջարկված ծրագիրը որակով կատարելու համար, նա պատասխանեց. «Ինձ համար ձեր լավ նվագելը կարեւոր չէ»: Մենք համոզված ենք, որ Ա. Ղարաբեկյանին ձեռնտու չէր մեր լավ ելույթը: Միայն մշակույթի նախարար Հ. Պողոսյանի միջամտությունից հետո, ով ցանկանում էր ամեն կերպ հաշտեցնել երկու կողմերին, ելույթը հետաձգվեց: Սակայն Ա. Ղարաբեկյանը շարունակում էր իրագործել իր ծրագրերը: Նա նույնիսկ փորձ չարեց լսելու, հասկանալու մեր խնդիրները, փորձ չարեց հարթել անհամաձայնությունները: Ընդհակառակը, նրա ստորացնող, նվաստացնող վարքի պատճառով մենք ստիպված էինք դիմում գրել մշակույթի նախարարին, հայտնելով, որ անհնար է աշխատել այս պայմաններում: Ա.Ղարաբեկյանը կազմեց այնպիսի քննաթերթիկ, որը նվաստացուցիչ կլիներ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ երաժիշտ-կատարողի համար: Կրկին նախարարը միջամտեց, եւ քննաթերթիկը խմբագրվեց: Ի վերջո դեկտեմբերի 10-ին պետք է կայանար ունկնդրումը: Լսող հանձնաժողովի կազմում ընդգրկված էին այնպիսի երաժիշտներ, որոնք ունկնդրումների օբյեկտիվ անցկացման երաշխիք էին հանդիսանում: Մեր համոզմամբ այս էր պատճառը, որ Ա. Ղարաբեկյանը ունկնդրման նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց: Պետք էր ժամանակ շահել եւ նվագախմբի դեմ գործունեությունը շարունակել արդեն Միացյալ Նահանգներում: Այն խնդիրը, որը Ա. Ղարաբեկյանը ի զորու էր հարթել նվագախմբի ներսում, տեղափոխվեց քաղաքական դաշտ: Ա. Ղարաբեկյանի իմացությամբ Ամերիկայի մի շարք մտավորականներ բաց նամակ գրեցին ՀՀ նախագահի եւ այլ բարձր ատյանների հասցեներով: Անզեն աչքով երեւում է, թե ինչ ենթատեքստ ունի նամակի վերնագիրը. «Որպեսզի հուսալքության նոր ալիք չլինի»: Ո՞ւմ են վախեցնում: Նկատենք, որ սփյուռքահայությունն ավելի լայն աշխարհագրություն ունի, քան Ա. Ղարաբեկյանի ընկերական շրջապատն է:
Ինչպես վերը նշեցինք, պարոն Ա. Ղարաբեկյանը մեզ պարտադրում էր սեպտեմբերի 1-ից ստորագրել մեկամսյա պայմանագրեր: Մենք, իմանալով, որ դա գործող օրենքի խախտում է, չստորագրեցինք այն: Երբ գեղ. ղեկավարն իմացավ մեր` օրենքին տեղեկացված լինելու մասին, շտապ հայտարարեց, որ ինքը վաղուց էր ուզում մեզ հետ անժամկետ պայմանագիր կնքել, եւ այսուհետ մեր պայմանագրերն ինքնըստինքյան դառնում են անժամկետ: Մի՞թե այս մասին տեղյակ չեն գեղ.ղեկավարի աշխատակազմի աշխատողները, որոնք հայտնում են, որ սեպտեմբերի 1-ից մինչ օրս մենք առանց պայմանագրի ենք աշխատում եւ կարող էինք չվարձատրվել:
Հաշվի առնելով փորձերի կարեւորությունը` նվագախումբը ներկայանում է աշխատանքի: Սակայն նվագախմբի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Անահիտ Ծպնեցյանը ամեն գնով խոչընդոտներ էր ստեղծում` չապահովելով աշխատանքի նորմալ պայմանները: Այսպես` փակի տակ էին պահվում աթոռները, նոտակալները, նոտաները եւ երաժշտական գործիքները: Բազմաթիվ պահանջներից հետո, փետրվարի 2-ից, վերջապես, մեզ տրամադրվեց անհրաժեշտ գույք եւ հնարավորություն տրվեց օգտվելու Հայաստանի պետական կամերային նվագախմբի գրադարանից, բայց պարզվեց, որ նոտաների որոշ մասը բացակայում է: Հարց է ծագում. որտե՞ղ է պետական գույք հանդիսացող գրադարանի մի մասը:
Ա. Ղարաբեկյանի եւ իր սակավաթիվ կողմնակիցների հերյուրած այն միտքը, թե դրսի ուժերն են նվագախմբի անդամներին օգտագործում իրենց դեմ` բացարձակ սուտ է, ինչը բնականաբար, վիրավորում է մեր ինքնասիրությունը: Միգուցե ավելի ուժեղ ու աներեւույթ ախոյանի դեմ պայքարելն ավելի պատվաբեր է: Ա. Ղարաբեկյանի կողմնակիցներին նաեւ խորհուրդ ենք տալիս, որ այսուհետ թերթերում հոդված պատվիրելիս զերծ մնան հայհոյախոսություններ օգտագործելուց («Լկստված լակոտներ» կամ «ՏոՌՋպվվօպ» եւ այլն): Մի մոռացեք, որ արվեստի բնագավառում եք աշխատում:
Մենք համոզված ենք, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե ժամանակին գործեր կանոնադրությամբ ուժ ունեցող գեղարվեստական խորհուրդը, եթե 2009թ. մարտ ամսից նաեւ տնօրենի պաշտոնը չստանձներ պարոն Ա. Ղարաբեկյանը:
Մենք մշակույթի նախարար Հ. Պողոսյանին խնդրում ենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հոբելյանական տարելիցները չնշենք Ա. Ղարաբեկյանի գալստյան օրվանից սկսած: Զարեհ Սահակյանցը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնել է 45 տարի առաջ: «Ինձ անցյալը չի հետաքրքրում», ասում էր Ա. Ղարաբեկյանը, երբ 12 տարի առաջ աշխատանքից ազատվում էին Զ. Սահակյանցի հետ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնած երաժիշտները: Ա. Ղարաբեկյանը նաեւ ասում է, որ երկու քանդված նվագախմբերից ստեղծեց նոր նվագախումբ: Արդյո՞ք այս մտքին համամիտ է Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղ. ղեկավար եւ գլխ. դիրիժոր ՀՀ ժող. արտիստ Ռուբեն Ահարոնյանը: Իսկ լուսահոգի Էմին Խաչատուրյանի կարծիքը մենք հիշում ենք: Հարկ է նշել, որ Է. Խաչատուրյանը պարոն Ա. Ղարաբեկյանի օրոք Հայաստանի պետական կամերային նվագախմբի երկրորդ դիրիժորն էր, եւ, լինելով բարձրակարգ դիրիժոր, ընդամենը մեկ համերգ ղեկավարելու արժանացավ:
Մենք` Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտներս բազմաթիվ համերգներ ենք ունեցել աշխարհի շատ երկրներում, եւ միշտ արժանապատվորեն ենք ներկայացրել հայ մշակույթը: Դա պարոն Ա. Ղարաբեկյանի մենաշնորհը չի եղել:
Խնդրում ենք մեզ հեռու պահել ամեն տեսակի խարդավանքներից եւ տալ արդարացի լուծում այս հարցին:
Հարգանքներովՙ Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտներ