«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ՆԱՀԱՏԱԿ ԳՐՈՂՆ ՈՒ ԲԺԻՇԿԸՙ ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ

Փետրվարի 15-ը արեւմտահայ բանաստեղծ, արձակագիր Ռուբեն Սեւակի ծննդյան օրն է, լրացավ նրա ծննդյան125-ամյակը, ինչի առթիվ երեկ ցերեկույթ էր կազմակերպվել Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

«Կազմակերպիչը գրադարանի տնօրենությունն է, մենք պարբերաբար կազմակերպում ենք հայ գրողներին նվիրված ցերեկույթներ: Երիտասարդներից շատերը չեն ճանաչում Ռուբեն Սեւակին, նմանօրինակ ցերեկույթներն ունեն նաեւ իրազեկելու նպատակ», ասաց գրադարանի փոխտնօրեն Վերգինե Առաքելյանը :

Գրադարանի նախասրահում բացվել է Ռուբեն Սեւակի եւ նրան նվիրված գրքերի ցուցադրություն: Ընթերցողները մոտենում էին ցուցափեղկերին, հոբելյարի մասին հարցեր տալիս աշխատակիցներին:

Միջոցառումը տեղի ունեցավ գրադարանի դահլիճում: Առանձին խոսքով հանդես եկան բանաստեղծ Սասուն Գրիգորյանը , պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանը , մանկավարժներ, բանասերներ եւ այլք:

«Ռուբեն Սեւակը ոչ միայն որպես բանաստեղծ, այլեւ որպես խոշոր փիլիսոփա ու մտածող, մեծ դեր է ունեցել ազգային գաղափարախոսության ձեւավորման ու զարգացման գործում», նշեց Վլադիմիր Պետրոսյանը, ով հեղինակն է «Ռուբեն Սեւակը եւ մեր ժամանակը», «Ռուբեն Սեւակի աչքերով» գրքերի:

Նրա խոսքով` ցավոք, մեզանում, Ռուբեն Սեւակը հայտնի է միայն որպես քնարերգակ բանաստեղծ, ծաղկի ու թիթեռի երգիչ, այնինչ իր ժամանակին նա եղել է մեր ազգային գաղափարախոսներից մեկը:

«Ռուբեն Սեւակը մեր առաջին բանաստեղծներից էր, ով մեր ազգային ինքնապաշտպանության գաղափարախոսությունը 1909-1910 թվականներին արդեն տեղափոխում էր գրականություն: Նրա հայրենասիրության համար դաշնակցական գործիչները շատ էին ուզում, որ Ռուբեն Սեւակը դառնար դաշնակցական, բայց նա չընդունեց կուսակցականությունը, որը նա համարում էր նեղ շապիկ, նեղ գաղափարախոսություն», ասաց Սասուն Գրիգորյանը:

Ցերեկույթի ժամանակ երգով ու դաշնամուրային կատարումներով հանդես եկան Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի ուսանողները: Հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները, ասմունքեցին գրադարանի աշխատակիցները, դահլիճում ստեղծված ջերմ մթնոլորտը վառ ապացույցն էր Վլադիմիր Պետրոսյանի խոսքերի` «Ռուբեն Սեւակն ապրում է իր ժամանակի մեջ, իր ժամանակակիցների հետ, բայց նրա ոգին պատկանում է ապագային: Նա քայլում է ներկա ու գալիք սերունդների հետ»:

Ռուբեն Սեւակը (Ռուբեն Չիլինկիրյանը) ծնվել է Կ. Պոլսից 65 կմ հեռու գտնվող Սիլիվրի քաղաքում: Ուսանել է Կ. Պոլսի հայտնի Պերպերյան վարժարանում, ապա` Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Աշխատել է որպես բժիշկ ու ականատես եղել մարդկային տարբեր ողբերգությունների: «Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» գրքում ամփոփված են բժշկի օրագրությունները: Ռ. Սեւակի առաջին բանաստեղծությունը` «Բաժանման խոսքերը», տպագրվել է 1905-ին «Մասիս» հանդեսում: Նրա պոեզիային բնորոշ են տաղաչափական արվեստի բազմազանությունն ու երաժշտականությունը: Սոցիալական անարդարության հանդեպ բողոքի գաղափարն արտահայտված է նրա հատկապես «Փողոց աւլողը», «Մարդերգութիւն» պոեմներում:

Ըստ Սասուն Գրիգորյանի` Ռ. Սեւակը եղել է նաեւ տաղանդավոր նկարիչ, նկարել է Գյոթեի եւ Վիկտոր Հյուգոյի դիմանկարները:

Ականավոր բանաստեղծը շատ հայ մտավորականների հետ նահատակվեց մեծ Եղեռնի ժամանակ, հակառակ որ նույնիսկ աքսորի դժնդակ օրերին շարունակել է բժշկել թուրք երեւելիների:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4