«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐՐՈՐԴՆ ԵՆ

Յուրի Պատրիկեեւը բրոնզե մեդալներ պարգեւեց մեր հավաքականին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2-րդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մրցանակակիր: Մեր ըմբիշներից սպասելիքներն ավելին էին, սակայն նրանց առջեւ եզրափակիչի ճանապարհը փակեցին իրանցի մարզիկները, որոնք էլ ճանաչվեցին մրցաշարի հաղթողներ:

Երկու օր շարունակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում թեժ գոտեմարտեր էին ընթանում աշխարհի գավաթին տիրելու համար: Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը մրցումների ողջ ընթացքում մարզասրահում էր եւ բուռն կերպով էր արտահայտում իր ուրախությունը հայ ըմբիշների յուրաքանչոյւր հաջող ելույթից հետո:

Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականին բաժին էին հասել Սկանդինավյան երկրների, Կուբայի եւ Իրանի ընտրանիները: Մյուս խմբում ընդգրկվել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Հունգարիայի հավաքականները: Հայ ըմբիշները տպավորիչ հաղթանակով սկսեցին մրցաշարըՙ 7-0 հաշվով պարտության մատնելով Սկանդինավյան երկրների հավաքականին: Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Ռոման Ամոյանը, Վահան Ջուհարյանը, Արման Ադիկյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Դենիս Ֆորովն ու Յուրի Պատրիկեեւը: Մինչեւ 96 կգ քաշային կարգում Արման Գեղամյանը մրցակից չուներ, ուստի նրան հաղթանակ գրանցվեց: Նշենք, որ անցկացրած 6 գոտեմարտերից եւ ոչ մեկում մրցակիցներին չհաջողվեց գեթ մեկ միավոր վաստակել:

Վերը նշված ըմբիշները կրկին հաղթանակներ տոնեցին Կուբայի հավաքականի հետ անցկացրած մրցախաղում: Սակայն կուբացիների հետ մրցավեճն անցավ ավելի համառ մրցապայքարում:

Տոնելով 2 անընդմեջ հաղթանակ, ՀՀ հավաքականը եզրափակիչի ուղեգրի համար պայքարում ուժերը չափեց Իրանի ըմբիշների հետ: Վերջիններս հաղթել էին Սկանդինավյան երկրների (6-1) եւ Կուբայի (5-2) հավաքականներին: Այնպես որ այդ մրցավեճում հաղթողն իրավունք էր ստանում վիճարկելու աշխարհի գավաթը:

Մեր թիմի համար սկիզբը հաջող էր: Ռոման Ամոյանը 5-0 հաշվով հաղթեց Մոհամադ Ֆաջիրիին: Սակայն քաշային հաջորդ երկու կարգերում մերոնք անհաջողության մատնվեցին: Վահան Ջուհարյանը 1-6 հաշվով պարտվեց Օմիդ Նորուզին, իսկ Արման Ադիկյանը զիջեց Մորադ Աբդվալիին (0-2): Հաշիվը հավասարեցրեց Արսեն Ջուլֆալակյանըՙ հաղթելով Համիդ Ռեյհանիին (4-1):

Ցավոք Դենիս Ֆորովն ու Արման Գեղամյանը զիջեցին մրցակիցներին միեւնույն 0-2 հաշվով, ինչն էլ կանխորոշեց մրցամարտի ելքը: Իրանի հավաքականն ապահովեց ընդհանուր հաղթանակը (4-2): Այնպես որ Յուրի Պատրիկեեւի հաղթանակը միայն սփոփանք էր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականն իրավունք ստացավ պայքարելու 3-րդ տեղի համար, որտեղ մրցակիցը Ռուսաստանի ընտրանին էր: Կրկին առաջինը մրցագորգ դուրս եկավ Ռոման Ամոյանը եւ վստահ հաղթանակ տարավ Իվան Տատարինովի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում ռուսաստանցի Զաուր Կուրամագոմեդովին հաջողվեց հավասարեցնել հաշիվըՙ հաղթելով Վահան Ջուհարյանին: Բայց Արման Ադիկյանն ու Արսեն Ջուլֆալակյանը մեր հավաքականին կրկին հաշվի մեջ առաջ մղեցին (3-1): Ընդհանուր հաղթանակի համար մնում էր մեկ գոտեմարտ շահել: Դա Տիգրան Սահակյանին ու Արման Գեղամյանին չհաջողվեց, որի հետեւանքով հաշիվը հավասարվեց (3-3):

Այսպիսով, բրոնզե մեդալների բախտը պետք է վճռեր գերծանրքաշայիններ Յուրի Պատրիկեեւի եւ Ալեքսանդր Անուչինի գոտեմարտը: Պատրիկեեւը վստահ վարեց գոտեմարտը եւ հաղթանակ պարգեւեց մեր հավաքականին, որը 2-րդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մրցանակակիր:

Համառ պայքարում անցավ նաեւ եզրափակիչը Թուրքիայի եւ Իրանի հավաքականների միջեւ:

4-3 հաշվով հաղթելով Թուրքիային, Իրանի ընտրանին դարձավ աշխարհի գավաթակիրՙ պարգեւատրվելով նաեւ 50 հազար դոլարով: Թուրքերը պարգեւատրվեցին արծաթե մեդալներով եւ 30 հազար դոլարով, իսկ Հայաստանի հավաքականն արժանացավ 20 հազար դոլարի: Մրցաշարի մյուս մասնակիցներին հանձնվեց 5 հազարական դոլար:

Հայաստանի հավաքականի կազմում իրենց հատկապես գերազանց դրսեւորեցին Ռոման Ամոյանը (55 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) եւ գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւը, որոնք շահեցին անցկացրած բոլոր 4 գոտեմարտերը: Առաջին հերթին հենց այս ըմբիշներից սպասելիքներ կան ապրիլին Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությունում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4