«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ՇԱՀԻՆՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Վերջնագծին է մոտենում Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարը: Ուժեղագույնների խմբում հայաստանցի շախմատիստներից առայժմ ավելի հաջող է խաղում Արման Փաշիկյանը: 6 տուրից հետո Փաշիկյանն ունի 4 միավոր: Վերջին 3 տուրերում նա հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին, ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Եվգենի Ռոմանովի եւ ֆիլիպինցի Վեսլի Սոյի հետ:

3,5 միավոր է վաստակել Գաբրիել Սարգսյանը: 5-րդ տուրում նա անդրանիկ հաղթանակը տոնեցՙ շահելով պարտիան Նադեժդա Կոսինցեւայի հետ մրցավեճում: Վլադիմիր Բելովի եւ Չժոու Ջիանչահոյի հետ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 3 միավոր ունի Զավեն Անդրեասյանը, որը վերջին 3 տուրերում 2 միավոր վաստակեց: Զավենը հաղթեց Պավել Մալետինին, հաշտություն կնքեց Սերգեյ Յուդինի եւ Էլթայ Սաֆարլիի հետ: Իսկ ահա Հրանտ Մելքումյանի համար վերջին 3 տուրերն անհաջող էին: Նա վաստակեց միայն կես միավորՙ հաշտություն կնքելով Վադիմ Զվյագինցեւի հետ: Վեսլի Սոյի եւ Էդուարդո Իտուրիզագայի հետ պարտիաներում Հրանտը պարտվեց:

Ուժեղագույնների մրցաշարում 4,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Բորիս Գրաչովը եւ վիետնամցիներ Լե Քուանգն ու Նգուեն Սոն:

A2 մրցաշարում Տիգրան Քոթանջյանը հաջող ելույթների շնորհիվ մտավ առաջատարների շարքը: Տիգրանը վերջին 2 տուրերում հաղթեց Ալեքսանդր Պոտապովին ու Հարիկա Դրոնավալիին եւ վաստակեց 4 միավոր: Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող 7 շախմատիստներին: 3 միավոր ունի Դավիթ Պետրոսյանը:

B խմբի մրցաշարում 4 միավոր է վաստակել Տիգրան Սիմոնյանը: Նա հաջող էր մեկնարկել, 5-րդ տուրում հաղթել էր Դանիլա Բելոուսովին ու 4 միավորով առաջատարների խմբում էր: Սակայն հաջորդ երկու տուրերում Տիգրանը պարտվեց Միխայիլ Գլոտովին եւ Ջիա Հաոքսիանգին: Դավիթ Գեւորգյանն ունի 2,5 միավոր: Մրցաշարում առաջատարն ադրբեջանցի Գուլնար Մամադովան է, որը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր:

C խմբի մրցաշարում հաղթարշավն է շարունակում Դավիթ Շահինյանը: Նա 7 տուրից հետո 6,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Դավիթը 5-6-րդ տուրերում պարտության մատնեց իր հայրենակից Լեւոն Քարամյանին ու Էդուարդ Խատոեւին: Միայն 7-րդ տուրում Դավիթն առաջին կես միավորը կորցրեցՙ ոչ-ոքի խաղալով Եվգենի Օկունի հետ: 2-րդ տեղում 6 միավորով ռուսաստանցի Էդուարդ Բարսամյանն է: 5 միավոր ունի Աշոտ Ավետիսյանը: Վերջին 3 տուրերում նա վաստակեց 2,5 միավոր: Աշոտը հաղթեց Անդրեյ Սերգեեւին եւ Այդար Համիդուլիին, հաշտություն կնքեց Պաուլ Յանսեի հետ: Իսկ ահա Լեւոն Քարամյանն անհաջողության մատնվեց: Բացի Շահինյանից, Լեւոնը պարտվեց նաեւ Էդուարդ Բարսամյանին, ոչ-ոքի խաղաց Դունգ Դանգի հետ: Քարամյանն ունի 4,5 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4