«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԴԵՌ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ

Իսկ ԵԱՀԿ-ն գագաթաժողով կանցկացնի 11 տարի ընդմիջումից հետո` Աստանայում

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Պաշտոնական այցելությունները հետաքրքրական են լինում, երբ սպասելիքներ կան ու դրանք արդարանում են կամ առնվազն որեւէ նորություն է մտցվում, որեւէ նոր բան է հայտնի դառնում, էլ չասենք, որ իսկապես նոր ու առանձնակի տարբերվող իրողություն է ի հայտ գալիս:

Ակնկալիքներ, թե ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի այցելությունը տարածաշրջան որեւէ նոր բան կհաղորդի, առանձնապես չկային, ու դրանք երեկ հաստատվեցին, քանի որ Կանատ Սաուդաբաեւը ամենայն բծախնդրությամբ Երեւանում կրկնեց այն, ինչ ամենայն բծախնդրությամբ պատրաստել ու մատուցել էր Բաքվում:

Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահի հնչեցրած խոսքը գրեթե բառացիորեն կրկնում էր այն, ինչ «Ազգն» արդեն հրապարակել է երեկվա համարում` որպես Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի խոսք` ներկայացված Բաքվում:

Ավելացնենք, որ Երեւանում տարբեր ասվեցին միայն երկրի անվանումն ու բնականաբար Հայաստանի նախագահի` Ղազախստանի նախագահի հետ բարեկամության ու ջերմության վկայության համատեքստում, Հայաստանի նախագահի անունը: Միակ ընդգծված տարբերությունը, որ չհնչեց ԵԱՀԿ գործող նախագահի խոսքում, բայց առկա է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում Երեւան նրա այցելության մասին հաղորդագրության մեջ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացի հանդեպ դրական վերաբերմունքն է:

ԵԱՀԿ գործող նախագահի երեկվա այցելությունն ու հանդիպումներն ամենասկզբից եւեթ ժամանակացույցի հետաձգմամբ գնացին:

Արտգործնախարարությունում Կանատ Սաուդաբաեւը հանդիպեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին , ապա նրանք համատեղ ասուլիսի էին, որ ավելի շուտ հայտարարությունների հարթակ էր հիշեցնում, ինչպես եւ, հանուն արդարության պետք է նշել, հաճախ է պատահում ե՛ւ արտաքին գերատեսչության պատերից ներս, ե՛ւ նախագահական նստավայրի: Այստեղ համատեղ կոչվող ասուլիսներում, ամենահիմնավոր համարվող ժամանակային սղության պատճառաբանությամբ, հաճախ հարցեր տալու ու պատասխաններ ստանալու հնարավորություն չի տրվում:

Ինչեւէ, երեկ ԱԳՆ-ում Էդվարդ Նալբանդյանն ասուլիսում ողջունեց ԵԱՀԿ գործող նախագահին, հայտարարելով, որ Հայաստանն ու Ղազախստանը կապված են պատմությամբ ստուգված երկարամյա բարեկամությամբ, որը զարգանում է նաեւ ներկայում: Նրա խոսքերով, Հայաստանն ու Ղազախստանը բեղուն համագործակցում են տարբեր միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՀԱՊԿ շրջանակներում:

Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանն աջակցել է Ղազախստանի թեկնածությանը ԵԱՀԿ նախագահի պաշտոնում եւ այսուհետեւ էլ մտադիր է աջակցություն ցուցաբերել Կանատ Սաուդաբաեւին ԵԱՀԿ-ում նրա նախաձեռնությունների ժամանակ: Ի դեպ, Ղազախստանի թեկնածությանն իրենց աջակցության մասին հաճախակի նշվել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի` փետրվարի 14-15-ին Բաքու կատարած այցելության ժամանակ:

Ի պատասխան Ղազախստանի լրատվամիջոցներից մեկի լրագրողի հարցին, թե Ղազախստանն արդյոք հետամո՞ւտ է լինելու ԵԱՀԿ գագաթաժողով անցկացնելու իր նախաձեռնությանը, Կանատ Սաուդաբաեւն ասաց, որ այդ գագաթաժողովի անցկացման անհրաժեշտությունը հասունացել է: «Ստամբուլում 1999-ի ԵԱՀԿ գագաթաժողովից շատ ժամանակ է անցել, աշխարհում շատ բան է փոխվել, նոր մարտահրավերներ, թեժ կետեր, խնդիրներ եւ հարցեր են առաջացել, որոնք պետք է քննարկել», ասաց Ղազախստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Ղազախստանը սկսել է ԵԱՀԿ գագաթաժողովի օրակարգի ու դրա անցկացման ժամկետների քննարկումը: «Գագաթաժողովի անցկացման գաղափարը պաշտպանել են գրեթե բոլոր երկրները», ասաց նա: ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների քննարկման առարկա են դառնալու այնպիսի հարցեր, ինչպիսիք են տրանսատլանտյան ու եվրոպական միասնական անվտանգության ճարտարապետության կառուցման վերաբերյալ երկխոսության շարունակությունը, Աֆղանստանի հարցը, որը շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության եւ թմրանյութերի մատակարարման աղբյուր:

Այս առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հավելեց, որ պաշտոնական Երեւանը ողջունում է ԵԱՀԿ գագաթաժողովի անցկացման գաղափարը, ինչպես նաեւ Աստանայում այս տարվա հունիսին արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդակցությունների անցկացման մտադրությունը: Ամենայն հավանականությամբ, տարեվերջին նախատեսվող գագաթաժողովի օրակարգը կքննարկվի այդ ոչ պաշտոնական խորհրդակցությունների ժամանակ:

Խնդրանքինՙ մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը, թե Բաքվի համար ընդունելի են մադրիդյան նորացված սկզբունքները, Էդվարդ Նալբանդյանը նախ պատասխանեց, որ նույն Բաքուն 2007-ի դեկտեմբերին Մադրիդում ներկայացված հիմնարար սկզբունքների փաստաթուղթը չէր ընդունում, ավելին, հերքում էր դրա գոյությունը: «Այժմ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր առաջարկությունները Մինսկի խմբի աշխատանքային առաջարկների վերաբերյալ: Երբ Ադրբեջանը ներկայացնի իր առաջարկները, մենք կքննարկենք», հայտարարեց Նալբանդյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4