Հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպանը
Փետրվարի 15-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդրեզ Սաջադին նշել է, որ իր երկիրը չի շտապում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Շեշտելով, որ Իրանը դատապարտել է անցյալ տարվա վրացական ագրեսիան, Սաջադին նշել է. «Մենք պատրաստ ենք միջոցներ տրամադրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերականգնման համար, սակայն կովկասյան տարածաշրջանում անկախ հռչակված երկրների անկախությունը ճանաչելը դեռ չի մտնում մեր հիմնական քաղաքականության մեջ»: Իրանի դեսպանն այս դիրքորոշումը հիմնավորել է այն հանգամանքով, թե «այդ քայլը կբերի նոր պատերազմներ եւ նոր արյունահեղություններ աշխարհում»: Սաջադին հիշեցրել է, որ Իրանը չի ճանաչել նաեւ Կոսովոյի անկախությունը:
Հավելենք նաեւ, որ 2008-ին Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին հայտարարեց, թե կոնկրետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ «Իրանը հստակ դիրքորոշումը դեռ չունի»: Սակայն Մոթաքին շեշտել էր, որ Թեհրանը ուշադրությամբ է հետեւում Կովկասում իրադարձությունների զարգացմանը, «իսկ այստեղ իրավիճակի սրումը հղի է ծանր հետեւանքներով», ընդգծել էր Իրանի արտգործնախարարը:
Կովկասյան մեկ այլ չճանաչված հանրապետության` ԼՂՀ-ի հիմնահարցում, սակայն, Իրանը որոշ ակտիվություն ցուցաբերում է: Մեկ ամիս առաջ Բաքու այցելած այդ երկրի փոխարտգործնախարար Հասան Գաշգավին հայտարարեց, որ հակամարտության լուծման բանալին հենց տարածաշրջանում է, այլ ոչ հեռավոր երկրներում («Ազգ»-ը գրել էր այդ մասին- Հ. Ա.): Իրանցի դիվանագետը նույնիսկ նշել էր, որ «արդարության հիմքի վրա տարածաշրջանում կհաստատվի վերջնական խաղաղություն»: Իրանը միշտ էլ պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. երկու երկրների հետ էլ Իրանն ունի համատեղ ծրագրեր, սակայն, ինչպես պարզվում է, Իրանի միջնորդությունը կարող է նախ չլինել Արեւմուտքի հետ ունեցած լուրջ խնդիրների պատճառով, եւ բացի այդ` մեր հարավային հարեւանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում այնքան էլ օբյեկտիվ չի հնչում. «Կովկասում չճանաչված հանրապետությունների ճանաչումը չի մտնում Իրանի պլանների մեջ»:
Հ. Ա.