«Վտանգված գործընկերություն. թուրք-ամերիկյան հարաբերություններն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների դարաշրջանում»: Սա ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկիՙ RAND կորպորացիայի, Վաշինգտոնում հրապարակված ծավալուն մենագրության վերնագիրն է: Շուրջ 150 էջ կազմող աշխատության մեծ մասը նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին եւ դրանցում ԱՄՆ դերակատարությանը: RAND-ի վերլուծաբանների համոզմամբՙ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը դրական երեւույթ է: Վերլուծաբաններն առանձնացնում են մի շարք կարեւոր փաստեր, որոնք ձեռնտու կլինեն երկու երկրներին, եթե սահմանը բացվի: Հայաստանի համար երկկողմ հարաբերությունների բարելավումը կնշանակի տնտեսական եւ քաղաքական կախվածության թուլացում Մոսկվայից: «Հայաստանը կարող է ընդգրկվել տարածաշրջանային տնտեսական եւ էներգետիկ այն ծրագրերում, որոնցից դուրս է մնացել: Իսկ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը կարող է նոր լիցք դառնալ Եվրոմիությանն անդամակցելու ճանապարհին»: Վերլուծաբանները չեն շտապում իրականություն համարել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը: «Երկու երկրների մերձեցումը որոշակի լարվածություն է ստեղծել Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերություններում: Բաքվում մտավախություն կա, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում ադրբեջանական կողմը Հայաստանի վրա ազդեցության կարեւոր մի լծակ է կորցնելու»:
RAND-ի փորձագետները, անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման շաղկապմանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին, գրում են: «Մեծ է հավանականությունը, որ այդ քայլը կդժվարացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացը»: Ամերիկացի վերլուծաբանները գործընթացին խոչընդոտող եւս մեկ գործոն են ներկայացնումՙ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ գտնվող բանաձեւի նախագիծը: «Բանաձեւի ընդունումը կարող է լրջորեն վնասել Օբամայի վարչակազմիՙ Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդման ջանքերը: Բանաձեւի ընդունման դեպքում Անկարան կարող է պատասխան քայլերի դիմելՙ որոշակիորեն սահմանափակելով ամերիկացիներիՙ Թուրքիայի տարածքում գտնվող ենթակառույցներից օգտվելու հնարավորությունները»:
Նրանց համոզմամբՙ ցեղասպանության բանաձեւի ընդունման հավանականությունը կաճի, եթե Թուրքիայում պաշտոնական Վաշինգտոնի համար անցանկալի ներքին զարգացումներ լինեն: Վերլուծաբաններն առաջնահերթ նկատի ունեն ռազմական նոր հեղաշրջումը: «Եթե զինվորականները կրկին միջամտեն քաղաքական զարգացումներին, ապա ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հավանականությունը մեծ կլինի: Բացի այդ, Կոնգրեսը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմՙ արգելելով զենքի վաճառքն այդ պետությանը»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ