«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ԱՄՆ-Ը ՍԵՎ ԾՈՎՈՒՄ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԱՐՐԵՐ ՉԻ ՏԵՂԱԴՐԻ

Միացյալ Նահանգները մտադիր չէ հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղաբաշխել Սեւ ծովում: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության գծով տեղակալ Էլեն Թոշերը:

Նրա խոսքերով, Վաշինգտոնը չի պատրաստվում Սեւ ծով ուղարկել Aegis համակարգով հանդերձավորված էսկադրային ականակիրներ: Եվրոպայում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգչի շրջանակներում ԱՄՆ-ը ուզում է օգտագործել ծովային բազավորման կալանիչների 8 մարտկոց, որոնցում կլինի SM-3 տիպի 64 կալանիչ հրթիռ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Թոշերը չի մանրամասնել, թե որտեղ են տեղաբաշխվելու Aegis համակարգով հանդերձավորված ամերիկյան ռազմանավերը: Միայն ասել է, որ դրանք 2011 թվականին կլինեն Միջերկրական ծովում: Մինչդեռ հակահրթիռային համակարգի նորացված ծրագրով (որը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հրապարակեց 2009-ի սեպտեմբերին) նախատեսվում է ամերիկյան ռազմանավերի պարեկություն իրականացնել նաեւ Հյուսիսային ծովում: Տվյալ կետի կապակցությամբ Էլեն Թոշերը, սակայն, ոչինչ չի ասել:

«Մենք վերստին կրկնում ենք, որ այդ համակարգը բնավ ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Իրականում մենք կուզենայինք, որ Ռուսաստանը մեր գործընկերը լիներ Եվրոպայում տվյալ համակարգի ստեղծման մեջ», ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4