Թուրքերի սերը դեպի սկանդալներն ու ամեն տեղ հայոց ցեղասպանության փաստը շահարկելու հակվածությունն արդեն դառնում է բնավորություն: Հաշվի առնելով նախորդ փորձերը (նմանատիպ մի սկանդալ էլ բարձրացրեցին, երբ Անդրեն էր մասնակցում «Եվրոտեսիլին»), կանխատեսելի էր, որ թուրքերն այս անգամ էլ կանդրադառնային «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնին ու կսկսեին քննադատել Հայաստանի երգը, բայց որ դա այսքան շուտ կլիներ, ոչ ոք չէր կասկածում:
Anadolu գործակալության փոխանցմամբ թուրք կոմպոզիտոր Յագուբ Մոտլուն իր վրդովմունքն է արտահայտել 2010-ին Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի երգի կապակցությամբ: Ըստ նրա, երգը պարունակում է քաղաքական ենթատեքստՙ կապված Հայոց ցեղասպանության հետ: «Apricot Stone» երգում երգչուհին ակնարկում է 1915թ. ցեղասպանության մասին: Ես հայերի թշնամին չեմ, բայց այդ երգը ցույց է տալիս հայերի պահանջատիրությունը հայոց ցեղասպանության վերաբերյալ», ասել է թուրք կոմպոզիտորը եւ մեջ է բերում երգի առաջին քառատողըՙ
«Բազում տարիներ առաջ, մանուկ, անցած օրերում,
Մայրիկն ասաց. իմանասՙ դառն է աշխարհն ու տրտում,
Բայց թե կուզես տեղդ գտնել դու մարդկանց շարքումՙ
Հիշիր, զավակ, սիրով արա ամեն ինչ կյանքում»:
Թուրք կոմպոզիտորի երեւակայությունը հասնում է այնտեղ, որ վերլուծելով երգի երկրորդ քառատողըՙ «Ծիրանի կորիզ բռիս մեջ պահած, հայրենի երկրից ես քեզ կդնեմ, նվեր ինձ տրված, ես քեզ կդնեմ, պաղած հողի մեջ, որ դու վերսկսես քո պտույտն անվերջ», հայտարարում է, որ երգչուհին երգում է պատմական Հայաստանի մասին:
Վերջում կոմպոզիտորը «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին առաջարկում է ուշադրություն դարձնել Հայաստանի ներկայացուցչի երգին ու թույլ չտալ Հայաստանին մասնակցել փառատոնին այդ երգով: Այս վարմունքը փաստում է, որ Թուրքիայում վախենում են հայոց ցեղասպանությունից ու պատմական ճշմարտություն տեսնում անգամ այնտեղ, որտեղ այն չկա: Գուցե թուրքերը նաեւ վախենու՞մ են, որ «Եվրոտեսիլի» փառատոնի ժամանակ հերթական անգամ Հայաստանը Թուրքիայի հեռուստադիտողներից կստանա բարձրագույն 12 միավոր:
«Ազգ»-ի հետ առաձնազրույցում Եվա Ռիվասի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Մարկոսյանն ասաց, որ այդ կերպ թուրքերը գովազդում են Հայաստանի երգը: «Երգը ներկայացնում է հայկական մշակույթը, հայկական ավանդույթները, երիտասարդ աղջկա խոհերն են, որ տարիներ շարունակ ապրել է Հայաստանից դուրս: Երգը Հայոց ցեղասպանության հետ որեւէ կապ չունի ու քաղաքական ենթատեքստ չի պարունակում»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ