ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը դժվարանում է ասել, թե որն է բնապահպանության թիվ մեկ խնդիրը: Այս ոլորտում պրոբլեմները շաղկապված են: «Բայց երեւի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ ընդերքի օգտագործումը, որ բերում է աղետալի եզրահանգումների», նկատում է նա:
2012-ին Ռիո դե Ժանեյրո քաղաքում կանցկացվի Ռիո+20 գագաթաժողովը, որի նպատակն է քննարկել երկրների բնապահպանական խնդիրները: Հայաստանը նույնպես մասնակցում է այդ միջոցառմանը: Ռիո+10-ի ժամանակ ՄԱԿ-ը Հայաստանը ներառել էր սեւ ցուցակի մեջ: Կայանալիք գագաթաժողովում ներկայացվելու են Թեղուտի անտառների եւ Սեւանի հիմնախնդիրները: «Բնապահպանության առումով աղետալի պայմաններում հանքարդյունաբերություն զարգացնելը, այն էլ անտառային տարածքում, այսքան կեղտոտված մթնոլորտում, հանցագործություն է: Մի՞թե ուզում են լինել երկիր, որի գետերը լի են թափոններով, քաղաքները կեղտոտված են: Պետք է հասկանան, որ այս պայմաններում տուրիզմը չի կարող զարգանալ: Հայաստան կայցելեն միայն սփյուռքահայերըՙ իրենց հայրենիքը տեսնելու համար:
Եթե ֆորումներին հետեւեք, ապա Հայաստան ժամանած օտարերկրացիները գոհ են հայերի հյուրասիրությունից, մշակույթից, բայց բոլորը նշում են հանրապետության աղտոտվածության մասին ու խորհուրդ տալիս մաքրել երկիրը»:
Աշխարհի շատ երկրների օրինակով Հայաստանն էլ վերցնում է մի շարք պարտավորություններ, ընդգրկվում տարբեր կազմակերպություններում, ստեղծում համապատասխան կառույցներ, բայց բնության մեջ դրական փոփոխություններ չեն կատարվում: Դանիելյանը մտահոգվում է, որ «Կանաչ էկոնոմիկա» գաղափարն իր նպատակին չի ծառայի, եւ «կանաչը» կմնա միայն իբրեւ գաղափարախոսության վերնագիր: Մինչդեռ պետք է ստեղծվեն չափանիշներ, որոնք կլուծեն կենսաբազմազանության հետ կապված հարցեր:
Ի տարբերություն բազմաթիվ երկրների, Հայաստանում բնապահպանության վերաբերյալ չկա համալիր մշակված ծրագիր: Կրթական համակարգում, հատկապես համալսարաններում բնապահպանության վերաբերյալ մոտեցումները կաղում են:
Կարինե Դանիելյանն ուշադրություն է հրավիրում հատկապես անտառների վիճակին ու Սեւանի հիմնախնդրին, որոնք քննարկվելու են «1000-ամյակի նպատակներ» ծրագրում: Նա նկատում է, որ Երեւանում իրականացված քաղաքաշինությունը խախտում է բնապահպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի բազմաթիվ կետեր: «Մի ձեռքով ստորագրում են, մյուսովՙ խախտում»:
Թեպետ Դանիելյանի ղեկավարած կազմակերպությունը արգելոցների խնդիրները չի ուսումնասիրում, սակայն պատկառելի կազմակերպությունների ուսումնասիրությունների հիման վրա նշում է, որ արգելավայրերը ֆորմալ բնույթ են կրում: «Կան փաստեր, երբ ուղղաթիռով արգելավայրերում որս են կատարել»: Թե ինչու նրանք աղմուկ չբարձրացրին, երբ Ջերմուկում ծառահատումներ էին ընթանում ճոպանուղի կառուցելու համար, Դանիելյանը պատմում է, որ բազմաթիվ զանգեր է ստացել: «Երբ խնդրով դիմեցինք, մեզ պատասխանեցին, որ միակ ճանապարհը դա է: Մենք էլ հավատացինք ու մեծ աղմուկ չբարձրացրինք, հետո պարզվեց, որ այլ ելքեր կային: Կողքերը կային լանջեր, որոնք անտառածածկ չէին, ու կարող էին դրանք օգտագործել: Երեւի մեր մեղավորությունն է, որ հավատացինք ու աղմուկ չբարձրացրինք»: