Արձանագրվել է Հայաստանի բնակարանների եւ անհատական տների առուվաճառքի գործարքներում 2009-ի դեկտեմբերին
2009-ի դեկտեմբերին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17729 գործարք, ինչը 10,2 տոկոսով բարձր է 2009-ի նոյեմբերին կատարված գործարքների եւ 19,6 տոկոսով` 2008-ի դեկտեմբերին կատարվածների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 12,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատՙ 2,5 տոկոսով: 4574 օտարման գործարքներից առուվաճառքներինը կազմել է 84,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 30,7 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 63,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի նոյեմբերի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում դեկտեմբերին աճել է 14 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատՙ աճել 34,8 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել ենՙ 1,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները դեկտեմբերին այսպիսին են եղել ((աղ.1).
Աղյուսակից երեւում է, որ Երեւանի բոլոր վարչական շրջաններում էլ բնակարանների գների աճ է արձանագրվել:
Մարզերում, բացառությամբ Երեւանի, դեկտեմբերին վաճառվել են 424 բնակարաններ, որոնց քանակը նոյեմբերի համեմատ աճել է 23,6 տոկոսով, իսկ 2008-ի դեկտեմբերի համեմատՙ 6,8 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները նոյեմբերի համեմատ աճել են 1 տոկոսով:
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2008 թ. | Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2009 թ. | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2009 թ. |
Կենտրոն | 496300 | 472300 | 465600 |
Արաբկիր | 392800 | 370800 | 366800 |
Քանաքեռ-Զեյթուն | 296500 | 280900 | 277500 |
Նոր Նորք | 265700 | 230500 | 227600 |
Ավան | 264600 | 231800 | 229400 |
Էրեբունի | 267200 | 245400 | 241100 |
Շենգավիթ | 270300 | 245600 | 241800 |
Դավթաշեն | 297200 | 265700 | 261300 |
Աջափնյակ | 255000 | 234800 | 230700 |
Մալաթիա-Սեբաստիա | 253600 | 233800 | 230100 |
Նուբարաշեն | 152600 | 142200 | 142200 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 292000 | 268500 | 264900 |
Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները դեկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 181 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը կազմել է 157 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանըՙ 155 հազար դրամ, Գորիսըՙ 140 հազար դրամ, Աշտարակըՙ 139 հազար դրամ, Իջեւանըՙ 135 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 129 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
Դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 472 գործարք, որից 135-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը նոյեմբերի համեմատ նվազել է 11,2 տոկոսով, իսկ մարզերում աճելՙ 13,9 տոկոսով: 2008-ի դեկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 28,6 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրածՙ նվազել 6,9 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2009-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 1,2 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել (աղ.2).
Այս աղյուսակից նույնպես երեւում է, որ բոլոր վարչական շրջաններում անհատական տների գներն աճել են:
Վարչական շրջաններ | Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2008 թ. | Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2009 թ. | Միջին գները (դրամ) նոյեմբեր 2009 թ. |
Կենտրոն | 510000 | 476600 | 471300 |
Արաբկիր | 438700 | 374500 | 371500 |
Քանաքեռ Զեյթուն | 325900 | 284500 | 280200 |
Նորք Մարաշ | 314100 | 282000 | 279500 |
Ավան | 291200 | 234800 | 234300 |
Էրեբունի | 291400 | 247800 | 244200 |
Շենգավիթ | 293900 | 247800 | 243800 |
Դավթաշեն | 324500 | 270400 | 264600 |
Աջափնյակ | 302400 | 237700 | 234400 |
Մալաթիա-Սեբաստիա | 295700 | 236300 | 233000 |
Նուբարաշեն | 172300 | 146400 | 147100 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 323600 | 276300 | 273100 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 1,1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 299 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 165 հազար դրամ, երրորդըՙ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 157 հազար դրամ: Ապա գալիս են Գորիսըՙ 143 հազար դրամ, Աշտարակըՙ 141 հազար դրամ, Նոր Հաճընը եւ Իջեւանըՙ 136 հազար դրամ, Եղվարդըՙ 127 հազար դրամ 1 քմ դիմաց:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի դեկտեմբերին 2008-ի դեկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 6 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 41,6 տոկոսով: Ընդ որում, Երեւանում հողերի աճուրդ վաճառքի գործարքների քանակը նվազել է 71,4 տոկոսով:
Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նոյեմբերին կազմել է 1327: Նոյեմբերի համեմատ այդ ցուցանիշը աճել է 26 տոկոսով, իսկ 2008-ի դեկտեմբերի համեմատ աճել 25,2 տոկոսով:
2009-ի դեկտեմբերին անշարժ գույքի իրականացված 2559 գրավադրման գործարքներից 194-ը եղել են հիպոթեկային գրավադրման գործարքները, որից 144-ըՙ Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 79,4 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 16,5 տոկոսն` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2009-ի նոյեմբերի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը դեկտեմբերին աճել է 24,4 տոկոսով, ընդ որումՙ Երեւանումՙ 11,6 տոկոսով, մարզերում նվազելՙ 85,2 տոկոսով: 2008-ի դեկտեմբերի համեմատ հիպոթեկային գործարքներն աճել են 2,5 անգամ, Երեւանում` 2,4 անգամ, մարզերում` 2,9 անգամ:
Այսպիսով, 2009-ի վերջին ամսին տարվա կեսից սկսված անշարժ գույքի գների կայունացումն ու որոշակի վայրիվերումներով փոքր աճը փոխարինվեց արդեն կայուն աճի միտումով: 1 տոկոսից ավելի գների աճ է արձանագրվել ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի բնակարանների ու անհատական տների շուկայում: Աճել է նաեւ գործարքների քանակը: Դեկտեմբեր ամսվա ցուցանիշները թույլ են տալիս եզրակացնել, որ անշարժ գույքի շուկան Հայաստանում վերակենդանանում է եւ վերսկսում զարգանալ: Չմոռանանք նշել, որ անշարժ գույքի շուկան ամենազգայունն է արձագանքում տնտեսության մեջ նկատվող տեղաշարժերին: Միաժամանակ, անշարժ գույքի շուկայի զարգացման տեմպը դեռ շատ հեռու է 2003-2008-ին արձանագրված բուռն աճից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ