Համեմատաբար մեղմ ձմեռը հայաստանաբնակների մի մասի մեջ տարօրինակ տրամադրություն առաջացրեց. բնակարանի ջեռուցման դիմաց խնայված գումարի հաշվին ամառային բանջարեղենի մի համեստ ճաշի գնումներ կատարել ու գեթ մեկ օրով մոռանալ ավանդական դարձած մակարոնեղենն ու կարտոֆիլը: Այս երազանքը հատկապես հնարավոր է դառնում երեւանյան սուպերմարկետների հայտարարած աննախադեպ գների իջեցումների ու զեղչերի մասին հայտարարությունների պարագայում, երբ թվում է, թե դրանց տերերը արդեն կշտացել են ու պատրաստ են մի փոքր էլ իրենց համերկրացի շարքային գնորդներին բավականություն պատճառել:
Ահա այս տրամադրությամբ մեր համեստ քաղաքացին իր մտադրությունն իրականացնելու նպատակով մտնում է իր գործունեությունը գովերգող սուպերմարկետներից մեկըՙ նկատի ունենալով գրպանում ունեցած 2000 դրամով ձեռք բերել ընտանիքի անդամներին բավարարող մեկանգամյա ճաշի համար պահանջվող ամառային բանջարեղենի տեսականին, որը հայաստանցիներս տարօրինակ անունով ենք կոչում` աջափսանդալ: Ցուցավահանակների վրա դասավորված դդմիկներն ու սմբուկը, պղպեղն ու լոլիկը, կարտոֆիլն ու բրոկկոլին, սոխն ու սխտորն իրենց գրավիչ տեսքերով պայքարում են մեկը մյուսի դեմ, իրենց թեկնածությունն առաջարկում գնորդի տան կաթսայի մեջ հայտնվելու ու եփվելու համար: Այցելուն ձեռքն է վերցնում 2 փոքրիկ դդմիկներից կազմված գեղեցիկ փաթեթն ու նայում գնանշմանը. 650 գրամի համար հարկ է վճարել 1200 դրամ: Չէր խանգարի դրա հետ 2-3 սմբուկ էլ վերցնել, մի 300-400 գրամ, որի 1 կգ-ը 2000 դրամ արժե. չէ, 1-ն էլ է բավարար: Այն հաճախորդի գրպանից կտանի մի 400 դրամ: Տանը որոշված ճաշատեսակն առանց պղպեղի չի լինի, իսկ առավել ախորժելի համ կունենա տոմատի փոխարեն լոլիկով պատրաստված լինելու պարագայում: Ընդամենը 1 պղպեղն արժե 320 դրամ, որից գոնե 2 հատ նախատեսված ճաշատեսակի մեջ հարկ է կտրտված տեսնել: Գումարենք մի 2-3 լոլիկ, որի ձվաչափ հատը վաճառվում է մոտ 100 դրամով: Թերեւս 500 դրամի էլ սոխ, սխտոր ու կանաչի պահանջվեն, մի քանի պալար կարտոֆիլ, որի թարմ տեսակի 1 կգ-ը վաճառվում է 500 դրամով: 1 հատիկ կծու պղպեղն էլ չէր խանգարի, որը վաճառվում է 220 դրամով. դե, ինչպես չհիշես «ախորժակիդ քացախ» արտահայտությունը: Այնպես որ մեկ համեստ ճաշացուին անհրաժեշտ ամառային բանջարեղենի ընդհանուր գումարը անցավ 3000 դրամը, որը պարզապես անակնկալի բերեց րոպեներ առաջ համարձակության պակաս չունեցող մեր երազող շարքային քաղաքացուն:
Անկեղծ ասած, գուցե չգրեի այս մասին, եթե տեղյակ չլինեի հիշատակված բանջարեղենի գներին, ասենք, Ավստրիայում ու ԱՄՆ-ում, որոնց մի մասը ներկայացված է տպագրվող նկարների հավաքածուում: Մեր սուպերմարկետներում այս օրերին 1 կգ սոխը վաճառվում է 1 դոլարով, երբ Լոս Անջելեսի առեւտրի որեւէ կետում այս գումարով կարելի է գնել 4,5 կգ սոխ: Ավստրիայի Գրաց քաղաքում 2 պղպեղն է 60 ցենտ գնահատված, երբ մեզանում 1 պղպեղն է այս գնին: Թարմ կարտոֆիլի 1,4 կգ-ը ԱՄՆ-ում 99 ցենտ է, երբ մեզանում 1 կգ-ը 1,2 դոլարով է վաճառվում: Լոլիկի 900 գրամը Լոս Անջելեսում ընդամենը 1 դոլար է, երբ նույն քաշը Երեւանում գրեթե 4 դոլար է սահմանվել:
Ինչո՞ւ, պարոնայք մեր պարենային խնդիրները լուծելուն կոչված այրեր, մատակարարներ ու պետական պաշտոնյաներ: Այն բացատրությունները, թե դուք այսպես ու այսպես, իսկ բուն վաճառողներն այնպես ու այնպես, չի ընկալում շարքային քաղաքացին, քանզի նա համոզված է, որ այս ողջ գործընթացը փոխադարձ համաձայնեցված մի կուռ շղթա է: Իշխանավորն ինչո՞ւ չի քայլեր ձեռնարկում այս պարենամթերքների արտադրությունը երկրի փոքր ու միջին բիզնեսի շրջանակներում իրականացնելու հարցում, անհեթեթ պատճառաբանություններ բերելով դրանք դրսում ավելի մատչելի ձեռք բերելու հնարավորության մասին: Է, ում ինչ ենք ասում, ումից ինչ ենք ակնկալում. կարծես մեր հերոսի առավել տրամաբանված որոշումը մակարոնեղենի բաժին այցելելն է, ուր թեեւ արտերկրից ներկրված ալյուրից պատրաստված, սակայն տեղական անվանվող մատչելի արտադրանք կա: Իտալացիներն Աստծո ամեն օր սնվում են, չէ՞, այս սննդատեսակով... Տարբերությունը թերեւս այն է, որ հիշատակված երկրներում մեկժամյա աշխատանքի դիմաց նրանց վճարում են 15 դոլարից սկսվող աշխատավարձ, երբ հայ հանրության մի զգալի հատված կազմող կենսաթոշակառուին այդ գումարը տրվում է ամբողջ շաբաթ գոյատեւելու համար:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ