Մինչ Գյումրու «Մուշ-2» թաղամասում շարունակվում են երկրաշարժից անօթեւան ընտանիքների համար բնակարանների կառուցման եւ անցած դեկտեմբերին հանրապետության նախագահի կողմից նկատված շինարարական թերությունների վերացման աշխատանքները, իր աշխատանքն է շարունակում նաեւ բնակբաշխման հանրապետական հանձնաժողովը: Ինչպես տեղեկացվել է, այս անգամ ընտրվել է շահառու ընտանիքների բնակարանների համարները այդ ընտանիքների ներկայացուցիչների միջոցով, հրապարակային վիճակահանությամբ որոշելու պրակտիկան, որն ընդհանուր հավանության է արժանացել:
Օրերս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում կայացել է, ըստ մարզպետարանի տեղեկությունների, թվով 194 անօթեւան ընտանիքների բնակարանների վիճակահանության երկրորդ փուլը: Ինչպես եւ նախորդ անգամ, վիճակահանությանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի նախագահ Վարդան Վարդանանը, Շիրակի փոխմարզպետը, Գյումրու քաղաքապետը, այլ պատասխանատուներ:
Գ. Մ.