«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ԿԱՆԱՅՔ` ՏՆԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ, ՏՂԱՄԱՐԴԻԿ` ԿՈՇԿԱԿԱՐ ՈՒ ՈՍԿԵՐԻՉ

Հայերը Թուրքիայում

Ստամբուլում հրապարակվել են «Եվրասիական համագործակցություն» կազմակերպության եւ Ստամբուլի մշակույթի ինստիտուտի «Համաշխարհային քաղաքական միտումներ» կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները: Ի դեպ, վերջինս հիմնականում զբաղվում է Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի խնդիրներով: Ուսումնասիրություններով պարզ է դարձել, որ հայ ապօրինի միգրանտների 48 տոկոսը Թուրքիա է եկել 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո` աշխատանք փնտրելու: Ուսումնասիրությունների հեղինակներից Ալին Օզինյանը նշել է, որ վրաց-թուրքական սահմանային անցակետը անցնելիս հայ միգրանտներից շատերը նշում են, թե Թուրքիա են եկել մեկ ամսով. «Իրականում այդ «մեկ ամիսը» շատ երկար է տեւում», ընդգծել է Օզինյանը:

Պարզվել է նաեւ, որ միգրանտների 96 տոկոսը կանայք են, եւ միայն 4 տոկոսը` տղամարդիկ: Սոցիոլոգները դա պայմանավորում են նրանով, որ Թուրքիայում ավելի շատ աշխատանքներ կան կանանց համար: Հայ կանանց 72 տոկոսը հարեւան երկրում զբաղված է տնային աշխատանքներով, 18 տոկոսը դայակներ են, 6 տոկոսը` վաճառողուհիներ, եւ միայն 4 տոկոսն է, ուսումնասիրությունների համաձայն, զբաղված այլ ոլորտներում: Ընդ որումՙ նրանց ամսական աշխատավարձը կազմում է 500-1000 դոլար: «Իսկ տղամարդիկ հիմնականում ոսկերչություն կամ կոշկակարություն են անում», նշել է Ալին Օզինյանը:

Վերջինս նաեւ ընդգծել է, որ Թուրքիայում ապրող շատ հայեր չեն բացահայտում իրենց ազգությունը. «Հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը Թուրքիայում սկսեցին վախենալ իրենց կյանքի համար», նկատել է Օզինյանը:

Ուսումնասիրությունները ներառել են նաեւ հայ միգրանտների երեխաներին: Ըստ այդ արդյունքներիՙ հայ միգրանտների երեխաների մոտավոր թիվը Թուրքիայում կազմում է շուրջ 600-800: Ընդ որումՙ նրանցից շատերը չեն համարվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի քաղաքացիներ, հետեւաբար չեն կարող եւ չեն գնում դպրոց: «Ընդհանուր առմամբ, հայ միգրանտների 96 տոկոսը ցանկանում է վերադառնալ հայրենիք», եզրափակել է Օզինյանը:

Կարելի է մեր կողմից արձանագրել, որ հայ միգրանտների ցանկությունները, լինեն նրանք «թշնամի» Թուրքիայում, թե բարեկամ Ռուսաստանում, ոչնչով չեն տարբերվում իրարից. նրանց մեծամասնությունը ցանկանում է վերադառնալ հայրենիք, «էլ ավելի մեծամասնությունը» չունի, սակայն, այդ հնարավորությունները, ոմանք` զուտ ֆինանսական, ոմանք էլ նաեւՙ փաստաթղթային: Սակայն, չգիտես ինչու, ինչպես «թշնամի» Թուրքիայում, բարեկամ Ռուսաստանում էլ շատերը չեն ցանկանում բացահայտել իրենց հայ լինելը: Թե Ռուսաստանում հայերն ինչի՞ց են վախենում, կարծում եմ, ակնհայտ է` արտաքսումից, որը, որքան էլ տարօրինակ հնչի, չի սպառնում «թշնամական» Թուրքիայում ապրող հայ ապօրինի միգրանտներին:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4