«Արվեստ եւ ժամանակ» հանդեսըՙ հիմնադրված 2006-ին Գյումրիում, գիտամշակութային ուղղվածություն է որդեգրել, այն երկլեզվյա է, գերակշռում է հայերենը, հոդվածներից մի քանիսը տպագրված է ռուսերենով: 2009-ի 1-2 միասնական համարում զետեղված են տարաբնույթ հրապարակումներ: «Նշխարներ Շիրակի ամբարներից», «Գեղագիտություն եւ մշակութաբանություն», «Գրականություն, լեզվաբանություն, արվեստ» խորագրային նյութերը կարելի է համարել առանձին բաժիններ, որոնց հիմնական անդրադարձներն արդի արվեստի տարբեր խնդիրներ են քննում. մի փոքրիկ անկյուն տրամադրված է անցյալինՙ «Երախտիքի խոսք» եւ «Հոբելյան» խորագրերը հարգանքի տուրք են մշակույթի մեր երախտավորներին: Անդրադարձներ կան ընթացիկ փառատոներին ու ցուցահանդեսներին, նոր գրքերին, շոշափվում են կրթական եւ այլ հարցեր:
Հովհաննես Շիրազի «Սիամանթո եւ Խջեզարե» պոեմի ստեղծագործական պատմության մասին է Սենեքերիմ Մելքոնյանի հրապարակումը, Կարինե Ավդալյանը ներկայացնում է հայկական երաժշտությունըՙ ազգայինի եւ համամարդկայինի համատեքստում: Կլոդ Դեբյուսիի գեղագիտության մի շարք հարցեր է արծարծում Նինա Հայրապետյանի հոդվածը: Հետաքրքրական մոտեցումներ է ի հայտ բերում պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Պետրոսյանի հրապարակումը, որում հեղինակը համեմատական քննության է ենթարկում հարվածային մի քանի նվագարանների (թմբուկ, դափ) անվանումների ծագումնաբանական հարցըՙ ըստ նշանավոր լեզվաբաններ Ստ. Մալխասյանի, Հր. Աճառյանի եւ Սրբուհի Լիսիցյանի, ինչպես նաեւ օտար ուսումնասիրողների եւ եզրակացնում, որ դրանք հնագույն ծագում ունեցող բառեր ենՙ բնաձայնական հիմքերով եւ հնդեվրոպական-հայկական ստուգաբանությամբ, եւ հայկական կողմը գոնե անվանումների դեպքում «ոչ թե փոխադրող, այլ փոխատու կողմ է ինչպես իրանական, այնպես էլ Մերձավոր Արեւելքի առանձին լեզուների նկատմամբ»: Ըստ հեղինակի, իրանականը եւս որպես փոխատու կողմ է հայերենի մի քանի բարբառների, նաեւ արաբերենի, ասորերենի, թուրքերենի նկատմամբ:
Արվեստների ու արհեստների տաղանդով բնությունից շռայլորեն օժտված Շիրակի դաշտավայրը, կաթիլ-կաթիլ ամբարելով դրանքՙ ստեղծել է մշակութային ինքնատիպ մթնոլորտ-ուրույն իր աշխարհը: «Շիրակի ամբարների նշխարներից» Մանուկ Մանուկյանն անդրադառնում է հայ ազգային-աշուղական երաժշտության մեջ Ջիվանու դերին ու բերած նորարարություններին:
Ինչպիսի փոփոխություններ, բեմադրական ու դերասանական արվեստի նոր զարգացումներ ապրեց Գյումրու Ա. Մռավյանի (ներկայումս Վ. Աճեմյանի) անվան թատրոնը Խորեն Աբրահամյանի մուտքով. այս մասին է թատերագետ Լեւոն Մութաֆյանի ընդարձակ վերլուծականը:
Ճարտարապետական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Գրիգորյանի «Հառիճի վանքային համալիրը խորհրդանշանային մտածողության տեսակետից» հրապարակման մեջ VII-XIII դդ. հոգեւոր ճարտարապետության այս սքանչելի կոթողները կառուցվածքային առանձնահատկություններից բացի մեկնաբանվում ենՙ հատկապես եւ հանգամանորեն, դրանց խորհրդակիր հորինվածքային տարրերի նշանակությունների եւ իմաստների տեսանկյունից:
Տաղանդաշատ ու նորարար 60-ականների գեղագիտական շարժման մեջ բացառիկ տեղ վերապահված էր Մինաս Ավետիսյանին. նրա մասին բազմաթիվ մենագրությունների, հուշերի, ալբոմների առկայությամբ, գնահատելի է նոր բացահայտումների ու մեկնաբանությունների ի հայտ գալը:
«Արվեստ եւ ժամանակ» հանդեսում Մինաս Ավետիսյանի գեղանկարչությանն է անդրադարձել արվեստագիտության թեկնածու Աննա Գալստյանըՙ շոշափելով նրա արվեստին առնչվող մի քանի զգայուն շերտերՙ հոգեւոր-ստեղծագործականՙ արմատներ-ներշնչանքներ (իր հոգու եւ ծննդավայր Ջաջուռի գույն-ապրումի միաձույլ մթնոլորտ), բնանկարներիՙ բնությանը մերձեցված ֆիգուրների հանդարտություն, ինքնադիմանկարների դրամատիկ-ներհայեցողական վիճակի խտացում:
Մինասի կոլորիտային խորը զգացողական աշխարհի, գույնի ներքին տագնապի եւ պատկերամտածողության, դրանց արտաքին հանդարտության ակունքների մասին հեղինակը գրում է. «Ինքըՙ հեղինակը, չէր հավակնում միջնադարյան արժեքները կրողի դերին: Եթե նա իր ներքին ազատության հաշվին է մոտեցել հայկական ժառանգության ոսկեդարին, ապա դա կրկին հաստատում է նրա տաղանդի մեծությունը»:
Արվեստաբանն անդրադառնում է Ջաջուռում Մինասի վերաբացված թանգարանի ներկա վիճակին ու գործունեությանըՙ անհրաժեշտ համարելով մինասագիտության զարգացումը, իսկ դրա համար առաջնային է նկարչի ստեղծագործության լիարժեք ներկայացումը, ինչը բացակայում է ե՛ւ Ջաջուռում, ե՛ւ Երեւանի պատկերասրահներում (10-15 գործ միայնՙ ազգային պատկերասրահում եւ ժամանակակից արվեստի թանգարանում): Մինասի ժառանգության գերակշիռ մասն անհատական հավաքածուներում է:
Երաժշտագետ Գեւորգ Գյոդակյանի ստեղծագործական կենսագրության, հայ երաժշտական միջնադարագիտության կարեւոր մի ոլորտիՙ խազերի վերծանման մեջ Գյոդակյանի մեթոդաբանական նոր մոտեցումներին, Կոմիտասի երկերի ակադեմիական հրատարակության կազմակերպման, պատրաստման մեջ նրա դերին է անդրադառնում արվեստաբան Մհեր Նավոյանըՙ Գեւորգ Գյոդակյանի 80-ամյա հոբելյանի առիթով:
Մի առանձին թեթեւությամբ ու հետաքրքրությամբ է ընթերցվում Գեղունի Չթչյանի հիշողությունների էջը կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանի մասինՙ ստեղծելով ուսուցչի սիրելի ու հարազատ կերպար, որում պարզ ու բնականորեն միաձույլ են մանկավարժի հանդարտ ու կոմպոզիտորի արտիստիկ խառնվածքները: Հիշողությունների ծալքերն անցյալի թանկ զգացումներ են բացահայտում:
Ներկայացնելով Գ. Եղիազայանի հարուստ ու բազմաժանր ժառանգությունըՙ հուշագիրը կարծում է, որ կոմպոզիտորն արժանի գնահատականի ու ճանաչման չի արժանացել. «Ինձ միշտ հուզել է այն միտքը, որ նկարիչ Հակոբ Կոջոյանին եւ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանին ճակատագիրը նույն բախտին է արժանացրել: Ինչպես Կոջոյանն իր սքանչելի արվեստով մնաց վիթխարի Մարտիրոս Սարյանի ստվերում, այնպես էլ Եղիազարյանն իր սքանչելի արվեստով մնաց վիթխարի Արամ Խաչատրյանի ստվերում: Այս երկու նրբահյուս, բարձրաճաշակ արվեստագետներն աշխարհ եկան ոչ պատեհ մի ժամանակ»:
Հայ-լեհական մշակութային առնչությունների պատմության մեջ երաժշտությունն իր հաստատուն տեղն ունեցել եւՙ է: Այդպիսի մնայուն հետք թողեց 2008-ի ապրիլին տեղի ունեցած Պենդերեցկու օրերը Հայաստանում փառատոնը: Հայ-լեհական երաժշտական պատմությունից հիշարժան էջեր է ներկայացնում արվեստագիտության դոկտոր Սվետլանա Սարգսյանըՙ «հՑՐՈվՌՓօ ՈՐՎÿվՏ-տՏսՖրՍՏռ ՎցջօՍՈսՖվՏռ ՊՐցՋոօ» հոդվածումՙ սկսելով 1966-ին Լեհաստանում հայ երաժշտության դեկադայից, 1974-ին «Վարշավայի աշուն» փառատոնի ժամանակ Քեթի Բերբերյանի եւ Քշիշտոֆ Պենդերեցկու հետ իր ծանոթություններից, 1980-ին Երեւանում Լեհաստանի կոմպոզիտորների միության պատվիրակության այցից, 1989-ին Լեհաստանում հայ երաժշտության օրերից մինչեւ «XXI դարի հեռանկարների» «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը, որով ամբողջանում է հայ-լեհական երաժշտական բարեկամության XX դարը:
Մ. Բ.