Երեկ ԳԱ ակադեմիայում մեծ շուքով նշեցին ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանվել Զուլալյանի ծննդյան 80 եւ գիտամանկավարժական գործունեության 55-ամյա հոբելյանները: Հանդիսությունը բացեց ու հոբելյարին շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշելով. «Մանվել Զուլալյանը մեծ ավանդ ունի մեր պատմագրության ոլորտում ու նրա գրքերը միշտ շատ բարձր են գնահատվել: Ձեր անցած կյանքի ճանապարհը եղել է դժվարին, բայց մշտապես վերելքի եւ մեծ, պատվավոր նվաճումների ոդիսական»: ՀՊՄՀ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը իր ողջույնի խոսքում նշեց. «Մենք բարձր ենք գնահատում անցած տասնամյակների ընթացքում կատարած Ձեր գիտական վաստակը, որը լուրջ ներդրում է մեր երկրում պատմագիտության զարգացման բնագավառում: Ազատ տիրապետելով մի քանի լեզուներիՙ Դուք կատարել եք մեծ ծավալի աղբյուրագիտական աշխատանքՙ հայոց եւ Օսմանյան կայսրության միջնադարյան պատմության ամենակնճռոտ հիմնախնդիրների ուսումնասիրման գործում: Հենց այդ ուսումնասիրություններն են հիմք դարձել Արեւմտյան Հայաստանի միջնադարյան պատմության համակարգված եւ գիտական շարադրանքի համար»: Զուլալյանի սան, պրոֆեսոր Ա. Ղուկասյանը երախտագիտությամբ էր նշում, որ «պրոֆ. Զուլալյանը այսօր երիտասարդական ավյունով է մտնում լսարան ու իր ողջ կուտակած գիտելիքները ջանադրաբար փոխանցում է ուսանողներին: Նա գիտության մարդ է ու իր անձնականը մոռացած անմնացորդ նվիրվել է գիտությանը եւ այն զուգակցել է մանկավարժությանը, եւ մեր սերունդները միշտ հիշելու են նրան»:
Հոբելյանի անցած գիտամանկավարժական ուղու եւ թողած ժառանգության մասին զեկուցումով հանդես եկավ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը : «Մանվել Զուլալյանն այն պատմաբաններից է, այն թուրքագետներից, որը ոչ միայն ուսանել է ռուսական արեւելագիտության հիմնադիրներից, այլ նաեւ եղել է ռուս արեւելագետների, թուրքագետների գիտական կոլեգան եւ նրանց հետ համատեղ աշխատություններ է ստեղծել»: Մ. Զուլալյանի գործունեության կարեւոր փուլին անդրադառնալով պրն Սաֆրաստյանը նշեց, որ գիտական բազմաթիվ աշխատությունները թուրքագիտության, օսմանագիտության, հայագիտության ոսկե ֆոնդում են գտնվում եւ այդպիսին էլ կմնան տասնամյակներ հետո նաեւ: Բացի մանկավարժական գործունեությունից, Մանվել Զուլալյանը մի քանի տասնյակ ատենախոսությունների տվել է ճիշտ գնահատական, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել մտավորականներին, քաղաքական գործիչներին եւ պետական այրերին ազգային ու պետական կարեւոր հարցերի շուրջը:
Հոբելյանին շնորհավորական ուղերձներ հղեցին ու գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցրեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը , ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանը , ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ Վալերի Ղլեչյանը , ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը , Պարույր Մուրադյանը եւ ուրիշներ: Իսկ ԵՊՀ ռեկտոր, ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը գնահատանքի խոսքերից զատ, հոբելյարին շնորհավորեց բուհի ոսկե մեդալին արժանանալու համար եւ հատկապես անդրադարձավ նրա աղբյուրագիտական բազմալեզու աշխատություններին ու նաեւ զարմանալի նվիրումինՙ հանդեպ իր ուսանողները: Մի առիթով Մանվել Զուլալյանն ասել է, «դարաշրջանները փոխվում են, թուրքերը չեն փոխվում»:
ԵՄՊՀ-ի պատմության ֆակուլտետի ուսանողության անունից Լիանա Չիբուխչյանը շնորհավորելով սիրելի դասախոսին, գնահատանքի խոսքեր հղեց ու շեշտեց. «Հպարտ ենք, որ եղել ենք ձեր ուսանողները»:
Հուզիչ էր ուսանողների ողջույնի խոսքը, որը պրոֆեսոր Մանվել Զուլալյանը համարեց իր գործունեության գնահատանքը ու իր շնորհակալական խոսքը հղեց այն բուհերին, ինստիտուտների ղեկավարներին, ակադեմիկոսներին, դասախոսներին, որոնք մշտապես եղել են իր կողքին, աջակցել ու տվել հնարավորություններ պատմագիտական աշխատությունների ստեղծման համար: «1947-ին երբ Հալեպից ծնողներիս հետ հայրենիք եկա, մտքովս անգամ չէր անցնում, որ բարձրագույն կրթություն կստանամ, առավել եւս, որ ակադեմիկոս կդառնամ եւ այսօրվա իմ մեծարման օրը կտեսնեմ: Բայց այդ բոլորը կատարվեցին հայրենիքի շնորհիվ, որին ես խորապես երախտապարտ եմ»: Այնուհետեւ հոբելյանը պատմեց, թե ինչպես ակադեմիկոս Սուրեն Երեմյանի միջնորդությամբ ակադեմիկոս Օրբելին համաձայնվել է ղեկավարել հայ երիտասարդների խմբին, որոնց թվում է եղել նաեւ ինքը:
Անդրադառնալով պատմագրությանըՙ ակադեմիկոսը նշեց. «Այսօր էլ մեզՙ բոլոր հայերիս հուզում է ադրբեջանական պատմագրությունը: Ես վաղուց եկել եմ այն եզրակացության, որ ադրբեջանական պատմագրությունը գտնվում է անմիջականորեն թուրքական պատմագրության ազդեցության տակ եւ որ այն հիմնական զինանոցն է: Դա ես նկատել եմ դեռեւս 60-70-ական թվականներին, սակայն այն ժամանակ արգելվեց այդ մասին խոսելը: Բայց hիմա բոլորն էլ համոզվել են, որ ես այն ժամանակ ճիշտ էի: Ես աշխատել եմ ուղի հարթել, ճանապարհ հարթել, ինչ-որ մի տեղ հաղորդել այդ պատմությունը: Ես այդքան կարող էի, այդքան արեցի, թող ինձանից հետո ավելի լավ անեն»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ