«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳԼԵՆԴԵԼՈՒՄ

Գլենդելի Հանրային գրադարանի դահլիճում` փետրվարի 4-ին, կայացել է Կալիֆոռնիայի հայ գրողների միության (ԿՀԳՄ) գրական հանդիպումը, որի ժամանակ հայտնի է դարձել, որ ընթացիկ ամսում կայանալու է նաեւ ԿՀԳՄ-ի ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվելու է վարչության հաշվետվությունը, ինչպես նաեւ կայանալու է հաջորդ վարչության ընտրությունը:

Գրական հանդիպման ժամանակ նոր ստեղծագործությունների ընթերցումով հանդես են եկել բանաստեղծներ Գեւորգ Քրիստինյանը , Ներսես Տեր-Մեսրոպյանը , իսկ Գարուշ Հարյանցը կարդացել է քաղաքական սատիրայով ու ազգային երգիծանքով հագեցած առածներ: Ընթերցումների մեջ հատկանշական է եղել գրող Նիկոլայ Ստեփանյանի հրապարակագրությունը, որը ներկայացնում է մամուլի եւ հեռուստատեսության կարեւորությունը հասարակության մեջ, ինչպես նաեւ շեշտում, որ գրողներն ու գրողների միությունն ուղղակի անհրաժեշտություն են այդ ասպարեզում: Արձակագիր Պողոս Գուբելյանն էլ մի հատված է կարդացել տարիներ առաջ լույս տեսած «ՖՐԻՎԵՅ» վեպի շարունակությունը կազմող, բայց դեռ լույս չտեսած մասից: Նիստի եւ գրական երեկոյի ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նաեւ հայագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի հիշատակը, ով վախճանվել է վերջերս` հունվարի 30-ին: Այնուհետեւ ԿՀԳՄ-ի նախագահ բանաստեղծ Գրիշ Դավթյանը համառոտ ներկայացրել է հանգուցյալի հրատարակած աշխատությունները:

Այսուհետ միության գրական նիստերը տեղի կունենան յուրաքանչյուր ամսվա առաջին հինգշաբթի օրերին:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4