«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


«ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գյումրու «Անի» թաղամասում, Սախարովի հրապարակի տարածքում, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրով բացվեց «Փոքրիկ իշխան» գեղեցիկ անվամբ սոցիալական կենտրոն երեխաների համար: Ծրագրի նպատակը դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների եւ նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությունն է` առանց ծնողական խնամքի մնացած փոքրիկների ու դեռահասների սոցիալական ինտեգրումը, ընտանիքներին իրենց շահերը պաշտպանելու գիտելիքների եւ հմտությունների հաղորդումը, համայնքի եւ դպրոցների, այլ գործընկերների հետ այս ոլորտում ընդհանուր դիրքորոշումների զարգացումն ու համագործակցությունը:

Կենտրոնը սոցիալական, հոգեբանական, իրավաբանական աջակցություն կցուցաբերի առանց ծնողական խնամքի մնացած 70 երեխաների, կտրամադրի խորհրդատվություն նաեւ ընտանիքի խնդիրների լուծման հարցերում: Կկազմակերպվեն համակարգչային, լրագրական գործի, դիզայներության, կարուձեւի, խոհարարության ուսուցում եւ մարզական խմբակի պարապմունքներ, տարբեր մասնագիտական դասընթացներ նաեւ ծնողների համար, համայնքի եւ դպրոցների հետ համատեղ միջոցառումներ: Շահառուներին կտրամադրվի նաեւ նյութական աջակցություն (հագուստ, գրենական պիտույքներ, հիգիենիկ պարագաներ):

Ծրագիրը ֆինանսավորվել է «Գերմանական Կարիտասի» եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարության կողմից: «Փոքրիկ իշխան» կենտրոնի բացմանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4