Այն բանից հետո, երբ 2007-ին ֆիլիպինցի Նոնիտո Դոներն անսպասելիորեն նոկաուտի ենթարկեց Վախթանգ Դարչինյանին, հայ բռնցքամարտիկը բազմիցս ձգտել է նրա նկատմամբ ռեւանշի հասնել: Վերջերս Վախթանգը կրկին մարտահրավեր է նետել Դոներին:
Առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի պրոմոութեր Հերի Շոուն այդ մասին արդեն տեղեկացրել է ֆիլիպինցու մենեջեր Կեմերոն Դանկինին: Շոուն խոստովանել է, որ ինքը եւս մեղավոր է, որ մինչեւ այժմ ռեւանշ-մենամարտը չի կայացել: Պատճառն այն է, որ Շոուն զայրացած էր Դոների վրա, որը Վախթանգին հաղթելուց հետո հեռացել էր իր մոտիցՙ ընդունելով պրոմոութեր Բոբ Արումի հրավերը:
«Վախթանգը երբեք չի ասել, որ չի ցանկանում ռեւանշի հասնել Դոների նկատմամբ: Այդ ամենի մեղավորը ես եմ: Հարգում եմ Վախթանգին, որ նա ընդունում էր այլ բռնցքամարտիկների հետ մենամարտելու իմ առաջարկները: Վախթանգին խոստացել էի, որ անպայման կկազմակերպեմ նրա մենամարտը Դոների հետ: Խոսել եմ Դոների մենեջերի հետ ու հայտնել, որ մենք ձգտում ենք ռեւանշի», նշել է Հերի Շոուն:
Սակայն միայն Դարչինյանի եւ Շոուի ցանկությունը բավարար չէ, որպեսզի այդ մենամարտը կայանա: Դոների պրոմոութեր Բոբ Արումն այլ ծրագրեր ունի: Մանուել Վարգասին հաղթելուց հետո Արումը հայտարարել է, որ ցանկանում է մենամարտ կազմակերպել թեթեւագույն քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆեռնանդո Մոնտիելի հետ: Հնարավոր է, որ այդ մենամարտը կայանա մայիսի 8-ին, Մեքսիկայում: Ըստ Արումի, առաջին թեթեւագույն քաշային կարգում բացի Դարչինյանից չկան այլ բռնցքամարտիկներ, որոնց հետ մենամարտը Դոների համար եկամտաբեր լինի: Ուստի Դոները պետք է տեղափոխվի քաշային հաջորդ կարգ:
Մինչ պրոմոութերները բանակցում են մենամարտի հնարավոր կազմակերպման հարցի շուրջը, երկու բռնցքամարտիկները կրկին բարձրագոչ հայտարարություններ են արել:
«Բռնցքամարտի սիրահարները ցանկանում են իմանալ, թե արդյոք քո բախտը երկրորդ անգամ կբերի՞: Դու լավ ես գիտակցում, թե ինչպես կավարտվի մեր 2-րդ մենամարտը: Դու նոկաուտի կենթարկվես: Ուստի քեզ չեմ մեղադրում, որ չես ցանկանում հանդիպել ինձ հետ: Սակայն եթե դու իսկապես բռնցքամարտիկ ես, ապա պետք է ընդունես մարտահրավերը: Հակառակ դեպքում քո համար հարցազրույց կկազմակերպեմ կանացի ներքնազգեստի «Վիկտորիա’զ Սիկրետ» հանդեսում», հայտարարել է Վախթանգ Դարչինյանը:
Բնականաբար, Դոները պարտքի տակ չմնաց. «Ես արհամարհում էի Դարչինյանին, սակայն նա շարունակ նվնվում է: Դա ինձ արդեն հոգնեցրել է, ուստի ցանկանում եմ փակել նրա բերանը: Հույս ունեմ, որ մեր մենամարտը կկայանա: Ես ոչ մի տեղ չեմ կորել: Ես բռնցքամարտիկ եմ եւ պետք է ենթարկվեմ իմ պրոմոութերին: Անկասկած, ցանկանում եմ մենամարտել Դարչինյանի հետ, մանավանդ, որ դա ինձ կարող է չեմպիոնական 2 գոտի պարգեւել»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ