Վանկուվերում ընթացող ձմեռային օլիմպիադայում Հայաստանի 4 պատվիրակներից առաջինը մրցասպարեզ դուրս եկան դահուկորդներ Քրիստինա Խաչատրյանն ու Սերգեյ Միքայելյանը:
Քրիստինան մասնակցեց ազատ ոճով 10 կմ դահուկավազքին: Գյումրեցի մարզուհուն հաջողվեց հատել վերջնագիծըՙ 78 մասնակիցների մեջ գրավելով 76-րդ տեղը: Խաչատրյանը մրցատարածությունը հաղթահարեց 34 րոպե 17,5 վրկ-ում: Նա առաջ անցավ մակեդոնացի Ռոսանա Կիրոսկայից (մոտ 28 վրկ-ով) եւ սերբ Բելմա Շմիկովիչից (1 րոպե 30 վրկ-ով): Այս մրցաձեւում հաղթող ճանաչվեց շվեդ դահուկորդուհի Շառլոտ Կալան, որը ցույց տվեց լավագույն արդյունքըՙ 24:58,4: Նրան 6,6 վրկ-ով զիջեց էստոնացի Քրիստինա Շմիգուն-Վյախին: Բրոնզե մեդալը բաժին հասավ նորվեգուհի Մարիտ Բյորգենին: Ռուսաստանցի դահուկորդուհիներից լավագույնը Եվգենիա Մեդվեդեւան էր, որը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Սերգեյ Միքայելյանն ավելի հաջող հանդես եկավ: 15 կմ ազատ ոճով դահուկավազքում հայ մարզիկը 95 մասնակիցների մեջ գրավեց 70-րդ տեղը: Նա օլիմպիական չեմպիոն, շվեյցարացի Դարիո Կոլոնյային զիջեց 4 րոպե 22,6 վրկ-ով: Սերգեյը մրցատարածությունը հաղթահարեց 37 րոպե 58,9 վրկ-ում:
Արծաթե մեդալակիր դարձավ իտալացի Պյետրո Պիլեր-Կոտրերը, որը հաղթողին զիջեց 24,6 վրկ: Բրոնզե մրցանակակիրը չեխ դահուկորդ Լուկաշ Բաուերն էր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ