Կիպրոսում ուսումնամարզական հավաքի մեջ գտնվող ՀՀ չեմպիոն «Փյունիկը» եւ արծաթե մրցանակակիր «Միկան» հերթական ստուգողական հանդիպումներն անցկացրին ու կրկին պարտվեցին:
«Միկան» ուժերը չափեց Կիեւի «Դինամոյի» 2-րդ կազմի հետ: Առաջին խաղակեսում հիմնականում հավասար պայքար ընթացավ: Սակայն 19-րդ րոպեին «Միկայի» պաշտպան Գեւորգ Պողոսյանն անհաջող փորձեց կասեցնել փոխանցումը եւ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: «Միկան» կարող էր վերականգնել հավասարակշռությունը, սակայն Վիգեն Համբարձումյանը չիրացրեց գոլային պահը: Ընդմիջումից հետո դինամոյականները եւս 2 գոլ խփեցին ու խաղը շահեցին 3-0 հաշվով:
«Միկան» առաջին խաղակեսում հանդես եկավ հետեւյալ կազմով. Արթուր Հարությունյան, Ալեքս, Հրայր Մկոյան, Հայկ Իշխանյան, Գեւորգ Պողոսյան, Ստեփան Հակոբյան, Արմեն Պետրոսյան, Վիգեն Համբարձումյան, Արամ Ոսկանյան, Մինդաուգաս Գրիգալեւիչյուս:
Ընդմիջումից հետո խաղադաշտ մտան Սաուլիուս Կլեւինսկասը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Աղվան Մկրտչյանը, Ուլիսես Մոնտենեգրոն, Էդնեյը, Ժունիոր Էդիլսոնը, Բոտի Դեմելը, Հրաչյա Միքայելյանն ու Նարեկ Բեգլարյանը: Փաստորեն միայն Ալեքսն ու Մկոյանը մասնակցեցին ողջ հանդիպմանը: Փետրվարի 18-ին «Միկան» կմրցի լեհական «Սլասկ» թիմի հետ:
Երկրի չեմպիոն «Փյունիկը» 0-2 հաշվով պարտվեց սերբական «Բանատին»: Այդ խաղում «Փյունիկի» կազմն այսպիսին էր. Էդուարդ Հովհաննիսյան, Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուզբաշյան, Վահագն Մինասյան, Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան, Արգին Նազարյան (Միհրան Մանասյան), Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Մարկոս, Ալբերտ Թադեւոսյան:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ