«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2010-02-13 | #26, 2010-02-16 | #27, 2010-02-17


ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԻՆԵԼ

Շախմատի «Աերոֆլոտի» մրցաշարի C խմբում հանդես եկող Դավիթ Շահինյանի համար նախավերջինՙ 8-րդ տուրն անհաջող դասավորվեց: Մրցաշարի միանձնյա առաջատարն անդրանիկ պարտությունը կրեց, ինչը կարող է ճակատագրական լինել Դավիթի համար: Շահինյանը սպիտակներով զիջեց ռուսաստանցի Սերգեյ Վոլկովին: Դա հնարավորություն տվեց մեկ այլ ռուսաստանցի շախմատիստ Էդուարդ Խատոեւին միավորներով հավասարվել Շահինյանին եւ նրա հետ գլխավորել աղյուսակը: Երկուսն էլ ունեն 6,5-ական միավոր:

Ավարտական տուրում Շահինյանը սեւերով կխաղա գերմանացի Գերդ Ջահրսդոերֆերի հետ, իսկ Խատոեւը սպիտակներով ուժերը կչափի Սերգեյ Վոլկովի հետ: Վերջինս վեց շախմատիստների հետ 6 միավորով հետապնդում է առաջատարներին: Նրանց թվում է նաեւ ռուսաստանցի Էդուարդ Բարսամյանը: Նա կարող էր ստանձնել մրցաշարի միանձնյա առաջատարի դերը, սակայն պարտվեց Էդուարդ Խատոեւին: 6 միավոր ունի նաեւ Աշոտ Ավետիսյանը, որը վերջին տուրերում հաջող է խաղում: 8-րդ տուրում նա պարտության մատնեց Մայքլ Ջեոյին: Ավարտական տուրում Ավետիսյանը կմրցի Բարսամյանի հետ:

5-ական միավոր ունեն Տիգրան Հարությունյանն ու Լեւոն Քարամյանը: Տիգրանը հաղթեց Միխայիլ Կուզնեցովին, Լեւոնը հաշտություն կնքեց թուրք Օզգուր Սոլակօղլուի հետ: Հաղթելով Ֆահամ Ֆարադիին, 4 միավոր վաստակեց Հայկ Գալստյանը:

Ուժեղագույնների մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց Արման Փաշիկյանըՙ զիջելով առաջատարներից մեկինՙ Յան Նեպոմնյաչնուն: Վերջինս վաստակեց 5 միավոր եւ Բորիս Գրաչովի, Լե Քուանգի, Բորիս Սավչենկոյի ու Նգուեն Սոնի հետ գլխավորեց աղյուսակը:

Առանց պարտության է ընթանում Գաբրիել Սարգսյանը: Սակայն նա անցկացրած 7 պարտիաներում միայն մեկ հաղթանակ է տոնել: Գաբրիելը 6-րդ պարտիան ավարտեց ոչ-ոքի գրոսմայստեր Ալեքսանդր Խալիֆմանի հետ մրցավեճում: Գաբրիելն ու Արմանը ունեն 4-ական միավոր: 3,5-ական միավոր են վաստակել Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանը: Զավենը ոչ-ոքի ավարտեց պարտիան Հոու Յիֆանի հետ, իսկ Հրանտը հաղթեց Լեյլա Ջավախիշվիլուն:

A2 մրցաշարում մեր երկու մասնակիցներըՙ Տիգրան Քոթանջյանն ու Դավիթ Պետրոսյանը 4-ական միավորով բաժանում են 19-27-րդ տեղերը: Եթե Քոթանջյանը պարտվեց Սերգեյ Պավլովին, ապա Պետրոսյանը հաղթեց Սոկիբ Դյուրաեւին: Մրցաշարի առաջատարը 5,5 միավորով ռուսաստանցի Ալեքսեյ Պրիդորոզնին է: Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Գաբրիելյանը 5 միավորով առաջատարին հետապնդող խմբի մեջ է:

B խմբում Գուլնար Մամադովան ու Էնգին Տոպակը 8 հնարավորից վաստակած 6,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Տիգրան Սիմոնյանը ոչ-ոքի խաղալով Ալեքսեյ Գուբայդուլինի հետ, վաստակեց 4 միավոր: Իսկ Դավիթ Գեւորգյանն ունի ընդամենը 2,5 միավոր: Նա պարտվեց Կոնստանտին Զալկինդին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4