Սեւիլիայի NODO հիմնադրամի միջազգային մրցանակը ստանալու նպատակով Իսպանիա մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա կոշիկ են նետել: «Հաբեր թյուրք» հեռուստաալիքի տվյալները վկայակոչելովՙ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ վարչապետ Էրդողանը դուրս է եկել շենքից, որտեղ անցկացվում էր պարգեւատրման արարողությունը:
Շենքի մոտ Էրդողանին սպասող ցուցարարներից մեկը Էրդողանի վրա կոշիկ է նետել, երբ նա պատրաստվում էր նստել ավտոմեքենա: Կոշկանետորդը միաժամանակ բղավել է «Կեցցե՜ Քրդստանը»: Հաղորդվում է, որ նետված կոշիկը Էրդողանին չի դիպել եւ որեւէ վնաս չի պատճառել:
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է իրավախախտին եւ տարել է հարցաքննության: Նա ծագումով քուրդ է: Ենթադրվում է, որ նա ՔԲԿ ծայրահեղականների համակիրներից է: