«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2010-02-20 | #31, 2010-02-23 | #32, 2010-02-24


ԱԲՐԱՀԱՄ-ԴԻՐԵԼ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱՐՏԻ 27-ԻՆ

Ուլի Վեգները չի հավատում Դիրելի վնասվածք ունենալու փաստին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 6-ին Կալիֆոռնիայում կայանալիք Արթուր Աբրահամի եւ Անդրե Դիրելի մենամարտը հետաձգվել էր վերջինիս վնասվածքի պատճառով: Ամերիկացի բռնցքամարտիկը մարզումների ժամանակ վնասել էր մեջքը:

Եվ ահա երկրորդ միջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարի կազմակերպիչները որոշել են մենամարտը տեղափոխել մարտի 27 այն հաշվարկով, որ մինչ այդ Դիրելը կապաքինվի: Մրցամարտի անցկացման ստույգ վայրը դեռեւս հայտնի չէ, սակայն այն նախատեսվում է կազմակերպել Կալիֆոռնիայի մարզասրահներից մեկում:

Մենամարտի հետաձգման լուրը հիասթափեցրել է Արթուր Աբրահամին, որն արդեն Կալիֆոռնիայում նպատակասլաց մարզումների միջոցով նախապատրաստվում էր այդ մենամարտին: Նրա պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը նշել է, որ մենամարտի ողջ նախապատրաստությունը կարող է ժամանակի անտեղի կորստի վերածվել: Սակայն այլ ելք չկա, քանի որ վնասվածքները միշտ էլ կարող են հետապնդել մարզիկներին:

Իսկ ահա Արթուր Աբրահամի 67-ամյա մարզիչ Ուլի Վեգները կասկածի տակ է առել Անդրե Դիրելի վնասվածք ունենալու փաստը. «Դիրելի թիմը հոգեբանական խաղ է սկսել, ինչը նրանց ոչ մի առավելություն չի տա: Արթուրը չի կորցնի իր նպատակասլացությունը եւ կշարունակի նույն ջանասիրությամբ նախապատրաստվել առաջիկա մրցումներին: Ինչպե՞ս կարող է Դիրելը նախապես իմանալ, որ մարտի 27-ին լրիվ ապաքինված կլինի ու կկարողանա ռինգ դուրս գալ: Վնասվածք ունեցող մարզիկը չի կարող դա անել»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4