Իրաքի Մոսուլ քաղաքի քրիստոնյաները խաղաղության երթ են անցկացրելՙ բողոքելով իրենց դավանակիցների սպանությունների եւ հալածանքների դեմ: Վատիկանի ռադիոյի հաղորդումները վկայակոչող ՌԻԱ գործակալությունը նշում է, որ երթի մեծ մասն անցել է լռությամբ եւ հալածանքների զոհերի հիշատակին նվիրված աղոթքներով:
2003-ին ամերիկյան զորքերի Իրաք ներխուժելուց ի վեր Մոսուլում սպանվել է 200 քրիստոնյա, 12 հազարն էլ հեռացել է քաղաքից:
2005-ին ահաբեկիչներն առեւանգեցին կաթոլիկ արքեպիսկոպոս Ժորժ Կասմուսսային, ապա ազատ արձակեցին: Վերոհիշյալ խաղաղության երթից հետո նա հայտարարել է, որ Իրաքից քրիստոնյաներին արտաքսում են «իշխանությունների լուռ թողտվությամբ»: Հայրապետը հիշեցրել է, որ երկու տարի առաջ առեւանգվեց եւ ապա սպանվեց Մոսուլի քաղդեացի արքեպիսկոպոս Ֆարաջ Ռախոն:
Արքեպիսկոպոս Ժորժ Կասմուսսան ընդգծել է, որ խաղաղության երթը քաղաքական բնույթ չէր կրում եւ նպատակ ուներ միայն իշխանություններին հիշեցնել Իրաքի քրիստոնյաների ճակատագրի մասին:
Քաղդեական կաթոլիկ եկեղեցին ունի մոտ 400 հազար հավատացյալ, որոնց մեծ մասն ապրում է Իրաքում: Քաղդեական փոքր համայնքներ կան Իրանում, Սիրիայում, Լիբանանում, Թուրքիայում, Իսրայելում, Եգիպտոսում եւ այլուր: Եկեղեցական ծեսերն անցկացվում են ասորերեն, քանի որ պատմականորեն Քաղդեական կաթոլիկ եկեղեցին անջատվել է Ասորական եկեղեցուց: Քադղեացի էր Իրաքի նախկին վարչապետ Թարիք Ազիզըՙ Սադդամ Հուսեյնի մերձավոր զինակիցներից մեկը: