Գրում է ամերիկյան թերթը Հայոց ցեղասպանության մասին
Ամերիկյան The Boston Globe թերթը, անդրադառնալով մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձեւի քննարկմանը, մեջբերել է Թուրք-ամերիկյան ասամբլեայի ղեկավար Գյունայ Էվինչի խոսքերը, թե այս բանաձեւի արծարծումը հայկական սփյուռքի «գերազգայնամոլության» արդյունքն է, որը անպատճառ կվնասի հայ-թուրքական գործընթացներին: Ամերիկյան թերթը, սակայն, Էվինչի ասածները անվանել է «Անկարայի ռազմավարության շարունակություն, որով թուրքերն ուզում են սեպ խրել Հայաստանի եւ սփյուռքի միջեւ: Սակայն ոչ միայն սփյուռքի գաղթօջախներում ապրող, այլեւ հայաստանաբնակ հայերն են անչափ սկզբունքային տրամադրված Հայոց ցեղասպանության հարցում», գրում է ամերիկյան պարբերականը: Վերջինս նաեւ հիշեցնում է, որ ցեղասպանությունների ուսումնասիրման միջազգային կազմակերպության նախկին 7 նախագահներն էլ նամակ են ուղարկել նախագահ Գյուլին, որում իրենց դժգոհությունն են հայտնել, որ հայ-թուրքական արձանագրություններում տեղ է գտել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու դրույթը: «Սա ինքնատիպ դիվանագիտական թակարդ է Թուրքիայի կողմից լարված. պատմաբանները վաղուց արդեն իրենց եզրակացություններն արել են. Թուրքիան պետք է հրաժարվի որդեգրած ժխտողական քաղաքականությունից», եզրափակել է The Boston Globe-ը:
Վերջին ժամանակներում սա ամերիկյան լրատվամիջոցների երկրորդ հրապարակումն է, որտեղ Հայոց ցեղասպանությունը որեւէ կասկածի տակ չի դրվում. վերոհիշյալ թերթին նախորդել էր հայտնի CBS հեռուստաալիքը` իր «Ճշմարտության 60 րոպե» հաղորդումով:
Հ. Ա.