«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2010-02-27 | #36, 2010-03-02 | #37, 2010-03-03


ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍՏԻՊԵ՞Լ ԵՆ ՀԵՌԱՆԱԼ

Երեկ Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակների ղեկավար Արփի Վարդանյանը հրաժարական է ներկայացրել: ԱՀՀ հայաստանյան գրասենյակի վարիչը հաստատեց Վարդանյանի հեռանալու լուրը: «Նա առողջ է, ոչ ոքից նեղացած չէ, պարզապես կան անձնական խնդիրներ, որոնց պատճառով հեռացել է», ասաց նա:

Հրաժարականի կապակցությամբ երեկ տարբեր լուրեր էին շրջանառվում: Մասնավորապես պատճառ է դիտարկվում Վարդանյանի բացահայտ պաշտպանությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու արձանագրություններին: Նա բազմիցս, այդ թվում «Ազգ»-ի հարցազրույցում, ասել է, որ համաձայն չէ այն կարծիքին, որ սփյուռքի մեծամասնությունը դեմ է արձանագրություններին եւ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: «Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե քանի սփյուռքահայ է կողմ, քանիսը` դեմ: Ինձ թվում է` մեծամասնությունը, ոչ միայն սփյուռքում, այլեւ Հայաստանում, դեռ իր վերաբերմունքը չի որոշել կամ էլ չի արտահայտում....Նրանք պետք է առաջնահերթ դնեն ազգի շահերը, այլ ոչ` անձնական կամ կազմակերպության, կուսակցության հետաքրքրությունները: Առաջնայինը ազգի շահերն են», ասել էր նա:

Համաձայն շրջանառվող լուրերի, սփյուռքահայ որոշ կազմակերպություններ ուղղակի ստիպել են Վարդանյանին հեռանալ: ԱՀՀ հայաստանյան գրասենյակից պատասխանեցին, որ վերոնշյալ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: «Կրկնում եմ, որեւէ խնդիրՙ կապված աշխատանքի հետ, չի եղել: Նա հեռացել է միայն անձնական պատճառներով», ասացին` չմանրամասնելով անձնական պատճառները:

«Ազգ»-ի հարցին, «Վարդանյանը Հայաստանու՞մ է» վարիչն անորոշ պատասխան տվեց: Նա նախ ասաց, որ Վարդանյանը Հայաստանում է, հետո, որ կապ չի պահպանել ու տեղյակ չէ, թե այժմ նա որտեղ կարող է գտնվել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Երեկ ողջ օրվա ընթացքում փորձեցինք կապվել Արփի Վարդանյանի հետ, սակայն նրա հեռախոսը չէր պատասխանում` կամ անջատված էր, կամՙ անհասանելի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4