Պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ, որին մասնակցում էր եւ բացման խոսքով հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մասնավորապես նշեց, որ այս համակարգի ներդրումը ընդհանուր կառավարման համակարգի բարեփոխումների մի մասն է: Այն բարձրացնում է կառավարման արդյունավետությունը եւ կառավարման գործունեության արտադրողականությունը:
«Կառավարման գործունեությունը դառնում է թափանցիկ եւ վերահսկելի քաղաքացիների կողմից, քանի որ մենք հնարավորություն ենք ստեղծում մեր քաղաքացիների համար` մասնակցելու կառավարման գործընթացին: Մի կողմից` նրանք տեղյակ են լինում կառավարության որոշումներին օպերատիվ ռեժիմով, կարողանում են վերահսկել կառավարության գործունեությունը, մյուս կողմից` հետեւում են իրենց նամակների, բողոքների, հայտերի, լիցենզիաների ստացման գործընթացներին եւ կարողանում են վերահսկել կառավարությանը բոլոր փուլերում», նշեց Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի, այս համակարգը նաեւ էապես նվազեցնում է փաստաթղթաշրջանառությունը, դարձնում շատ արագ, նվազեցնում ծախսերը: Բացի այդ, կառավարման մարմիններում շրջանառվող փաստաթղթերը հասանելի են դառնում բոլոր մարմիններում աշխատող պաշտոնյաներին, որոնք այլեւս չեն կարող պատճառաբանել, թե իրենց այս կամ այն փաստաթուղթը չի հասել:
Էլեկտրոնային կառավարման համակարգի մասին առավել հանգամանորեն խոսեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Նա կանգ առավ այն արդյունքների վրա, որոնք ակնկալվում են այս համակարգի ներդրումից հետո: Դրանցից առաջինն այն է, որ պետական մարմիններում շրջանառվող բոլոր փաստաթղթերը ստանում են էլեկտրոնային տեսք, եւ պետական մարմիններում փաստաթղթերի շարժը կատարվում է էլեկտրոնային եղանակով: Երկրորդըՙ պետական կառավարման մարմինների միջեւ նամակագրությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, որից փաստաթղթաշրջանառության ժամկետը նվազում է 20 տոկոսով: Կառավարության աշխատակազմի ղեկավարը որպես օրինակ նշեց այն փաստը, որ եթե նախկինում Երեւանից Սյունիք փաստաթուղթը հասնում էր 1 շաբաթում, հիմաՙ 1 րոպեում: Երրորդ արդյունքը էլեկտրոնային ստորագրության ներդրումն է եւ դրան զուգահեռ էլեկտրոնային ստորագրության հավաստագրման կենտրոնի ստեղծումը: Չորրորդն այն է, որ համակարգը պահպանում է յուրաքանչյուր փաստաթղթի շարժի պատմությունը: Հինգերորդ արդյունքը հնարավորությունն է հսկողություն սահմանել հանձնարարականների, նամակների, դիմումների քննարկման ժամանակ: Վեցերորդըՙ հնարավորություն է ստեղծվում պետական մարմիններում իրականացվող բիզնես գործընթացների ողջ ընթացքը վերահսկելու: Օրինակ, լիցենզիաների տրամադրման ժամանակ ընթացակարգ է սահմանվում, թե ո՞վ պետք է քննարկի կոնկրետ դիմումը, ի՞նչ ժամկետում եւ ե՞րբ պետք է տրվի պատասխանը: Յոթերորդ արդյունքը փաստաթղթերի որոնման լայն հնարավորությունն է, ութերորդըՙ աշխատողների գնահատման հնարավորությունը:
Դավիթ Սարգսյանն ամենակարեւոր արդյունքը համարեց այն, որ քաղաքացիները, դիմելով պետական մարմիններին, հնարավորություն են ստանում հետեւելու իրենց դիմումի ընթացքին կառավարության իտերնետային կայքի միջոցով:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ էլեկտրոնային կառավարման համակարգը ներդրված է 44 պետական մարմիններից 25-ում: Առաջիկա 1 ամսվա ընթացքում կներդրվի եւս 5 պետմարմիններում: Մնացածում համակարգի ներդրումը կավարտվի 2011-ին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ