«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2010-02-27 | #36, 2010-03-02 | #37, 2010-03-03


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԹԱՓՈՒՐ ԵՆ ՄՆՈՒՄ

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ տեղեկացրեց, որ մեր երկրում կան պաշտոններ, որոնք թափուր են, իսկ դրանց համար անցկացվող մրցույթներին որեւէ հայտ չի ներկայացվում: «Մենք ունենք շատ աղքատ կադրային ռեսուրս, հազարավոր մարդիկ էլ առանց գիտելիքի, փորձի եւ հմտության են մասնակցում քաղծառայողների մրցույթներին, կան պաշտոններ, որոնց զբաղեցման համար նույնիսկ հայտեր չեն ներկայացվում», նշեց Բադալյանը:

Նրա տեղեկացմամբ, Հայաստանում չեն դիմում տարբեր նախարարություններում վարչությունների պետերի պաշտոն զբաղեցնելու համար. «Նեղ մասնագիտությունների տեղեր կան միջուկային անվտանգության կոմիտեում, այս բնագավառներում մասնագետների պակաս մենք ունենք», նկատեց Բադալյանը: «Անհրապուրիչ» է նաեւ գյուղատնտեսական նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը: Այս պաշտոնի համար հայտերի ներկայացման վերջին ժամկետը լրացել է մի քանի օր առաջ, սակայն ոչ մի դիմում չի ներկայացվել:

Իսկ «ամենահրապուրիչ» պաշտոնները մեր երկրում, պարզվում է, ստուգողներինն ու վերահսկում իրականացնողներինն է. «Հայկական մենթալիտետի համաձայն, հիմնականում դիմում են այս ոլորտներում պաշտոններ ստանալու համար, քանի որ սրանով հնարավորություն կա մտնելու քաղաքացու գրպանը», եզրափակեց Մանվել Բադալյանը:

Մրցույթ դեռ չի անցկացվել

Երեկ քաղծառայության խորհրդի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ Սերգո Երիցյանի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա, փաստորեն, Երիցյանը զբաղեցնում է լեզվի պետական տեսչության պետի պաշտոնը մինչեւ մրցույթի անցկացումը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4