«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2010-02-27 | #36, 2010-03-02 | #37, 2010-03-03


«ՄՈՌԱՑՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ»

Օնոփրիոս Անոփյանի առաջին հրատարակությունը

Իր կյանքի գիրքը (կարելի է այսպես համարել) Շահեն Խաչատրյանը խորագրեց «Թանգարանի զինվորը» («Փրինթինֆո», 2007), որն արտակարգ հետաքրքրական ու նույնքան դժվարին ճանապարհի պատմություն է, որով անցավ հայ կերպարվեստի նվիրյալը արգասաբեր ու շահեկան իր գործունեությամբ: Աշխարհի որ անկյունն ասես նա չգնաց, որ ծայրում ասես չպեղեց ու չգտավ հայ գեղանկարիչների հայտնի ու անհայտ գործեր ու բերեց այստեղՙ հարստացնելու իր երկրի թանգարանները, շուրջ 400 նկարՙ յուրաքանչյուրը մի նոր անակնկալ, մի կյանքի պատմություն: Դրանց մեջ, իհարկե, Մարտիրոս Սարյանի շուրջ 70 գործ ու նաեւ հայ բանաստեղծ Օնոփրիոս Անոփյանի մի ճեպանկարը, որ արել էր վարպետըՙ 1915-ին, Թիֆլիսում նրան հանդիպելով, մի քանի րոպեում:

30 տարի առաջ Դոնի Ռոստովում Սարյանիՙ իր կազմակերպած ցուցահանդեսում Շահեն Խաչատրյանը ծանոթանում է Օնոփրիոս Անոփյանի թոռնուհունՙ Տատյանային, որն էլ վարպետի ստորագրությամբ իր պապի ճեպանկարն է ուզում նրան նվիրել: Շահեն Խաչատրյանը թանգարանի կողմից գնում է այն. «Այդ գումարով նա կարգի բերեց Ղրիմում գտնվող հորՙ Արմենակի եւ պապիՙ Օնոփրիոսի շիրիմները», գրում է արվեստաբանը օրերս «Տիգրան Մեծ» հրատարակչությամբ լույս տեսած Օնոփրիոս Անոփյանի բանաստեղծությունների ժողովածուի նախաբանում:

Շատերին անծանոթ անուն է այս բանաստեղծը, հայ գրականության արեւելահայկական որեւէ դասագրքում երբեւէ չհիշատակված, գրականագիտության ուշադրությունից վրիպած: Մեզ անհայտ հեղինակի անդրանիկ հրատարակությունն իրականացել է Շահեն Խաչատրյանի ջանքերով, հրատարակության պատրաստելիս օգտագործվել են ոչ թե բանաստեղծի ձեռագրերը, այլ դրանց մեքենագրված տարբերակները:

Ասում ենՙ պատահական ոչինչ չի լինում. Անոփյանի «Բուքը» բանաստեղծությունը գեղարվեստորեն, կառուցվածքով, բովանդակային ներքին ամբողջականությամբ ամենահաջողվածն է ժողովածուում: Այս բանաստեղծությունը Շահեն Խաչատրյանը անգիր է իմացել դեռ Հալեպի դպրոցական տարիներից, այն զետեղված է եղել հայ գրականության իրենց դասագրքում, այդ գործի ասմունքի մրցույթում մրցանակը շահում է ինքը եւ հետաքրքրական է, որ հենց նրան էր վիճակված գտնել այդ բանաստեղծին եւ գրական ժառանգությունը հրապարակ հանել: Ահա մի հատված այդ գործիցՙ

Ո՞վ է այնտեղ դուրսը ոռնում, երգ է երգում ու լալիս,

Երգ է երգում երկա՜ր ու ձի՜գ եւ սանձարձակ պար գալիս.

Գիտե՜մ, գիտե՜մ-այն խելահեղ բուքն է հանդէս կատարում,

Դեւերի հետ պար է գալիս լայնածաւալ դաշտերում:

 

Հէ՜յ, բուք, փըչի՛ր, շնչի՛ր ուժգին, սըփռի՛ր ճերմակ, հաստ սաւան,

Ու նըրանով ծածկիր համակ անտառ ե՛ւ դաշտ, ե՛ւ աւան,

Որքան կուզէ շունչըդ սաստիկ ու ահաւոր թող լինի,

Մենք չենք սարսի... մենք հուր ունենք ե՛ւ հաց ունենք ե՛ւ գինի:

Անոփյանի գրական ժառանգությունը փոքրածավալ էՙ շուրջ 150 գործՙ ընդգրկված այս գրքում, որտեղ զետեղված են նաեւ նրա թարգմանությունները եւ մի փոքր բաժին հատկացված է ռուսերենով գրված բանաստեղծություններին:

Օ. Անոփյանի կենսագրական էջերին ծանոթանում ենք Գեորգի Կուբաթյանի «Կորսված բանաստեղծը» առաջաբանից: Օնոփրիոս Անոփյանը ծնվել է Նոր Նախիջեւանումՙ 1873-ին, ավարտել տեղի հոգեւոր ճեմարանը, ուսման առումով այդքան էլ բախտը չի բերել, ձախողվում են Գեւորգյան ճեմարանում կրթություն ստանալու ծրագիրըՙ քննություններից ուշանալու պատճառով, նմանապեսՙ Մոսկվայի Լազարյան ճեմարանում եւ գեղանկարչության դպրոցում սովորելու մտադրությունը:

Ճեմարանական (Նոր Նախիջեւան) տարիներին սովորելիս առաջին բանաստեղծությունը տպագրվում է Վիեննայի «Հանդէս ամսօրեայում»: Արշակ Չոպանյանին ուղղված բանաստեղծական շարքի վերաբերյալ նրանից ստացած պատասխանը իր քերթողական հնարավորությունների իրատեսական մոտեցում էրՙ վարպետություն, տողերի սահունություն, նուրբ զգացմունքայնություն, բայցՙ նորի բացակայություն: Այդուհանդերձ, Գեորգի Կաբաթյանը գրում է. «Անոփյանին կարելի է համարել Վ. Տերյանի եթե ոչ նախորդը, ապաՙ նախակարապետը»:

Ժողովածուի մի ստվար մաս ներկայացնում են բանաստեղծական շարքերՙ «Գերագոյն կոյսը», «Կարմիր երգեր», «Կապոյտ հեռաստան», «Անապատի խորանները», «Ղրիմի ուրւագծեր», «Աշնան շշուկներ», մի քանիսը նվիրումներ ենՙ դրանց մեջ նաեւ Ալ. Ծատուրյանի գրական գործունեության 25-ամյակի առիթով: Բոլոր գործերը նեոռոմանտիզմին հատուկ տրամադրություն ու շունչ ունենՙ բանաստեղծական հոգու տվայտանքներՙ անորոշ ու մշուշոտ հեռաստանների տեսիլքներով: Աշնան տերեւի անհաստատ ճակատագրով վտարված մի հոգի, որի համար իրականությունը դժնի անապատ է, կյանքըՙ տխրության ու հուսահատության անվերջություն, որտեղ, սակայն տեղ-տեղ կայծկլտում է արեւի ոգին: Բանաստեղծության կառուցվածքի վարպետությանն ու զգացմունքայնությանը, սակայն, խանգարում են տարտամության հասնող միալար խոսքը, աղոտ պատկերները, շատ հազվադեպՙ գեղարվեստորեն տպավորիչ արտահայտություններով («Հանգչող արեւի համբոյրից խռոված», «Գիշերը իջաւ իւր կապոյտ գահից» եւ այլն):

Անոփյանի թարգմանական էջերն ի հայտ են բերում նրա քաջատեղյակությունը ռուս եւ համաշխարհային գրականությանը, ըստ որում կարելի է ասել, որ նա շատ ավելի հաջողել է թարգմանության ոլորտում եւ ընտրությունն էլ ճաշակավոր էՙ Ալեքսանդր Պուշկին, Իվան Բունին, Վալերի Բրյուսով, Անդրեյ Բելի, Մաքսիմիլիան Վոլոշին, Աննա Ախմատովա, Յո. Վոլֆգանգ Գյոթե, Հայնրիխ Հայնե, Պոլ Վեռլեն, Էմիլ Վերհարն, Ռաբինդրանաթ Տագոր...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4