«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2010-03-02 | #37, 2010-03-03 | #38, 2010-03-04


ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԳՆԱ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ԿՍՏԱՆԱ»

ՀՀԿ խորհրդի անդամ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին խնդրեցինք գազի սակագնի թանկացումը գնահատել` որպես տնտեսական ոլորտի քչաթիվ մասնագետներից մեկը, բայց հարցազրույցը չշրջանցեց նաեւ հայ-թուրքական եւ ղարաբաղյան թեմաները:

Գ.Մ. - Գազի գնի թանկացումը, ցավոք, հիմնավորված է. ընդհանրապես ոլորտում կա վիճակագրություն` գազի գինը տարեկան թանկանում է միջինը 5 տոկոսով: Այս տարի դրան գումարվեց նաեւ դրամ-դոլար փոխարժեքի հետ կապված պրոբլեմը (նաեւ նախորդ տարվա մարտին մեր դրամն արժեզրկվեց, իսկ գազը մենք գնում ենք դոլարով, մինչդեռ գազի գինն անցյալ տարվա մարտից ցայսօր չէր թանկացել), եւ այն, որ մեր հայրենակիցների գազի սպառումը նվազել էր, նաեւ` նախորդ ժամանակաշրջանում ընկերության ներդրած գումարների վերադարձնելիության խնդիրը կար, այնպես որ այդ թանկացումն արդարացված էր: Խնդիրն ուրիշ տեղ է` որքանո՞վ են իշխանություններն իրականացնում այնպիսի քաղաքականություն, որ նման անխուսափելի իրավիճակներից պաշտպանված լինենք: Այս առումով մենք պետք է անդրադառնանք տարիներ շարունակ իրականացված քաղաքականությանը` մասնավորապես էներգետիկայի բնագավառում: Շուրջ երկու ամիս հետո կգործարկվի շատ բարձր օ.գ.գ ունեցող Երեւանի ՋԷԿ-ը, որ երկու անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում նույնչափ գազից: Եվ հենց այդ ՋԷԿ-ի գործարկման շնորհիվ գազի թանկացումը բոլորովին չի ազդելու էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Բացի այդ` մեր պարսիկ գործընկերների հետ սկսել ենք իրականացնել Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, Դեբեդի վրա բավականին հզոր երկու էլեկտրակայաննների շինարարությունն ենք սկսելու` այդ պարագայում մեր էլեկտրաէներգիայի արտադրությունը ձերբազատված կլինի ռիսկերից. այսինքնՙ կան քայլեր, որոնք իշխանություններն անում են, արդեն արել են եւ պետք է շարունակեն անել, որպեսզի ապագայում գազի գնի բարձրացումը բացասական ազդեցություն չունենա մասնավորապես էլեկտրաէներգիայի բնագավառում: Կոնկրետ այս թանկացումը մի քանի խնդիր է առաջացնում. նախ` մեր առավել աղքատ համաքաղաքացիների համար իշխանությունները պարտավոր են (եւ այդ մասին արդեն հայտարարել են) անել հնարավորը, որ գազի թանկացումն ավելի մեղմ անդրադառնա նրանց վրա:

Սա ամենահիմնական ճանապարհն է, բայց միակը չէ. օրինակ` կան տնտեսվարողներ (այսօր մամուլից իմացա «Սթար» սուպերմարկետների ցանցի նախաձեռնության մասին), ովքեր պարտավորվելու են քայլեր անել, որ թանկացումները նվազագույն անդրադարձներ ունենան լայն սպառման ապրանքների գների վրա, սա պետք է վարակիչ լինի այլ տնտեսվարողների համար, իսկ կառավարությունը պետք է ընտրի թիրախային խմբերը` ողջ օգնությունն ուղարկելով անապահով խավին:

- Չե՞ք վախենում, որ սպասումային թանկացումներ, գների վերուվարումներ կլինեն, որոնք խուճապային տրամադրություններ կառաջացնեն:

- Կիկոսի մա՞հը. պետք չէ այդ խուճապային տրամադրությունը սերմանել հատկապես մամուլի միջոցով, մենք ունենք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որն արձագանքում է գներին:

- Հետեւեցի՞ք Տեր-Պետրոսյանի ելույթի տնտեսական հատվածին:

- Նրա մոտ տնտեսական մասն ամենաթույլն է եղել, քաղաքականում էլ չի փայլում, բայց հատկապես տնտեսականը... Ես չեմ նախանձում այն քաղաքական գործչին, որի հույսը այն քաղաքական լարվածություններն են, որոնք բխում են սոցիալական իրավիճակից, չի լինի այդպիսի բան, հերթական անգամ կոտրած տաշտակի առաջ է կանգնելու:

- Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին դանդաղեցված կադր են հիշեցնում, եւ թուրքերն էլ շարունակում են ուղղակի-անուղղակի ուղերձնել հղել մեզ ու աշխարհին, թնկթնկալ. գործընթացը կա՞նգ է առնում:

- Ես կարծում եմ, որ գործընթացն իր բնականոն հունի մեջ է, եւ որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան երկուստեք զինանոցի բոլոր միջոցներն օգտագործվում են, որովհետեւ ակնհայտ է, որ թուրքական կողմի համար ծայրահեղ աննպատակահարմար պետք է լինի Միացյալ Նահանգների կողմից ապրիլի 24-ի նախաշեմին ցեղասպանության վերաբերյալ հայտարարության ընդունումը, կամ Օբամայի ուղերձում «Ցեղասպանություն» տերմինի օգտագործումը: Չի բացառվում նաեւ Սենատում օրինագծի ընդունումը. այնպես որ թուրքական կողմի ողջ զինանոցի օգտագործումը դրան դիմակայելու համար բնական է: Ի հակադրություն դրա` նաեւ կա այն օբյեկտիվ իրավիճակը, որը նախանշվել էր հենց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ամենասկզբից, ու դրան տեղյակ եւ աջակցող է եղել ԱՄՆ-ն մասնավորապես` գործընթացը ողջամիտ ժամկետում ավարտելուն ուղղված: Բայց թուրքական կողմի պահվածքը հույս չի տալիս մտածելու, որ թուրքերն իրականացնում են իրենց պարտավորությունները` ողջամիտ ժամկետում այդ գործընթացն ավարտելու: Այդ տեսակետից նրանք ըստ էության դրժում են իրենց խոսքը, որ տրված է եղել ոչ միայն հայկական կողմին, այլեւ Միացյալ Նահանգներին: Ես ակնկալում եմ, որ այդ դրժման դիմաց Միացյալ Նահանգները պետք է անի հստակ քայլեր` իր հեղինակությունը պաշտպանելու համար: Առաջին հերթին ես կարծում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքվեարկի 252-րդ բանաձեւի օգտին:

- Այդ դեպքում առավել վստահ կարելի կլինի ասել, որ թուրքերը չեն վավերացնի արձանագրությունները:

- Շատ կարեւոր է հասկանալ թուրքական դիվանագիտության նպատակը. նրանք պետք է կանգնեն այն իրողության առաջ, որ եթե չի վավերացնում, ապա ձեռք է բերում մի կերպար, որը քաջություն չունի նայելու իր պատմությանը: Այդ դեպքում միջազգային հեղինակավոր պետությունների քաղաքական ուժերը պետք է փոխեն իրենց վերաբերմունքն այդ պետության նկատմամբ (հատկապես հայ-թուրքական մերձեցման ակունքներում կանգնած ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրոմիությունը): Դրա դրսեւորումները կարող են տարբեր լինել:

Եթե Թուրքիան չգնա վավերացման` կստանա ցեղասպանության ճանաչման մի նոր ալիք: Մենք հիմա մեզ պետք է պահենք կանխատեսելի եւ վստահելի գործընկեր որպես, մենք մեր խոստումները երբեք չպետք է դրժենք` այսպես եղել է մեր արտաքին քաղաքականությունը եւ այդպես էլ կլինի: Իսկ ընդհանրապես` Հայաստանի նախագահի արտաքին նախաձեռնողական քաղաքականությունն իր դրական հետեւանքները տվել է` Հայաստանի իմիջը բարձրացել է միջազգային կառույցներում, սա չի կարող չգրավել աշխարհի ուժային կենտրոնների ուշադրությունը:

- Ղարաբաղյան հարցը մտե՞լ է լուծման փուլ, նորացված առաջարկներին ինչպե՞ս ենք պատասխանելու:

- Ես կարծում եմՙ ղարաբաղյան բանակցային գործընթացում իրավիճակն այնպիսին է, ինչպիսին եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում. ղարաբաղյան կարգավորման գործընթացն արագ լուծումների հնարավորության հույս չի թողնում, եւ դրա հիմնական պատճառը Ադրբեջանի իշխանությունների դեստրուկտիվ պահվածքն է. մի երկիր, որը ղեկավարվում է սուլթանական սկզբունքներով, որի ղեկավարն ամեն օր սպառնալիքներ է տեղում իր հարեւան պետությանը, նրանից ակնկալել արագ, փոխզիջումային լուծում անհնար է: Եվ ամենակարեւորը` այդպիսի պահվածքն անտանելի է ոչ միայն Հայաստանի համար, այլեւ բոլոր միջազգային կառույցների, հեղինակավոր երկրների համար, եւ այս պահվածքը հույս չի ներշնչում արագ կարգավորման:

- Այնուամենայնիվ` մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերադառնանք:

- Այս տարվա ընթացքում մեր տնտեսությունը կկարողանա վերականգնել իր պոտենցիալը, որ ունեցել ենք նախաճգնաժամային տարիներին, մասնավորապես 2008-ին, իսկ ինչ վերաբերում է հարկային հավաքմանը, ապա այն օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ, որ մենք ունեցանք անցյալ տարվա վերջին, այս տարվա բարձր վարչարարության արդյունքում մենք կունենանք ստվերի էական կրճատում: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձր ցուցանիշ ենք նախատեսել այս տարի` 17, 7 տոկոս, սա ավելի բարձր է բոլոր տարիներին նախատեսված ցուցանիշից: Եթե հասնենք դրան, էապես կկրճատենք ստվերը եւ կնպաստենք անապահով խավերի վիճակի բարելավմանը:

- Ձեր կարծիքով ստվերը որքա՞ն է:

- Ես այդպիսի գնահատականներ չունեմ` հետեւում եմ փորձագիտական գնահատականներին եւ, կարծում եմ, այդ թիվը տատանվում է 30-40 տոկոսի սահմաններում:

Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4