«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2010-03-02 | #37, 2010-03-03 | #38, 2010-03-04


ՈՉ ՀԵՌԱՎՈՐ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՆԿՈՒՄ

Վերջին 3-4 տարիներին Հայաստանում արձանագրվել է ծնելիության մակարդակի որոշակի աճ: 2009 թվականին հանրապետությունում յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ծնվել է շուրջ 14 երեխա, այնինչ 2001-2002 թվականներին 1000 բնակչի հաշվով եղել է ընդամենը 10 ծնունդ:

«Ըստ նախնական տվյալների` 2009-ին ունեցել ենք 44466 կենդանի ծննդյան դեպք, որը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է շուրջ 8%-ով, 2008-ին եղել է 41185 կենդանի ծնունդ», երեկ «Հայելի» ակումբում` ասուլիսի ժամանակ ասաց ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

ԱՊՀ այլ երկրների համեմատությամբ` հայաստանյան ցուցանիշները բարվոք են: Վրաստանում 2009-ին 1000 բնակչի հաշվով ծնվել է 13 երեխա Ղազախստանում` 21, Ղրղզստանում` շուրջ 25, Մոլդովայում` 12, Ռուսաստանում` շուրջ 12, Տաջիկստանում` 31: Աշխարհում ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն հատկապես արաբական եւ աֆրիկյան երկրները, Հնդկաստանը, Պակիստանը եւ ընդհանրապես ամբողջ մուսուլմանական աշխարհը:

«Եթե անգամ կա ծնելիության ինտենսիվության աճ, ապա միայն մասամբ` մոտավորապես 30-40%-ով: Ծնելիության աճը հիմնականում պայամանավորված է նրանով, որ արդեն մի քանի տարի վերարտադրական տարիք է մտել 1980-ականներին ծնված բազմամարդ սերունդը, ասաց ասուլիսի մյուս բանախոսը` ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, 80-ականներին տարեկան ունեցել ենք շուրջ 75 հազար ծնունդ, անգամ 1985 եւ1986 թվականներին գերազանցել ենք 80 հազարի սահմանագիծը»:

Ռուբեն Եգանյանը կանխատեսում է, որ հետագայում ունենալու ենք ծնելիության անկում, քանի որ 1990-ականներին տարեկան արձանագրվել է ընդամենը 30-32 հազար ծնունդ: Հիմա տարեկան ծնվում է 40-44 հազար երեխա, բայց երբ վերարտադրական տարիք մտնի 90-ականներին ծնված սերունդը, ապա ծնելիության ցուցանիշը 2 անգամ կնվազի: Որպեսզի ծնելիության մակարդակի անկում չլինի, 90-ականներին ծնվածները պետք է ունենան 2 անգամ ավելի շատ երեխաներ, քան ունենում է այսօրվա վերարտադրող սերունդը: Ծնելիության մակարդակի բարձրացմանը կօգնի նաեւ սոցիալական գործոնի բարելավումը:

«Ազգի» հարցին` ծնելիության մակարդակի վրա ինչքանո՞վ է շարունակում ազդել միգրացիոն արտահոսքը, Ռուբեն Եգանյանը պատասխանեց. «Միգրացիոն արտահոսքի հետեւանքով, իհարկե, սերնդի նվազում եղավ, մանավանդ որ միգրացվողների հիմնական մասն ակտիվ վերարտադրական տարիքի մարդիկ էին, ընդ որումՙ տղամարդիկ: Կանանց թիվը սկսեց գերակշռել, իսկ տղամարդկանցը` պակասել, որը խանգարեց բնականոն ամուսնական գործընթացներին ու բերեց ծնելիության նվազման: Հիմա էլ միգրացիոն արտահոսքը շարունակում է ազդել ծնելիության մակարդակի վրա»:

Հայաստանում նույնիսկ ամենածանր տարիներին ծնվածների թիվը եղել է ավելի շատ, քան մահացածներինը, բայց մոտենում է այն ժամանակը, երբ ավելի բարձր է լինելու մահացողների թիվը:

«Բնակչության բնական հավելաճը ձեւավորվում է ծնվածների ու մահացածների տարբերությամբ: 2009-ի ընթացքում հանրապետությունում բնական հավելաճը կազմել է 16938 մարդ», ասաց Կարինե Կույումջյանը:

Ըստ նախնական ցուցանիշների` 2009-ին եղել է 27528 մահվան դեպք, 1000 բնակչի հաշվով` շուրջ 8 մարդ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4