«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2010-03-02 | #37, 2010-03-03 | #38, 2010-03-04


ԱՄԵՆԱՓԱԿ ՈԼՈՐՏԸ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունն ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում ներկայացրին «Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում 2008-09-ին» գիրքը: Գրքում տեղ են գտել նշված ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցած` լրագրողների նկատմամբ բոլոր բռնություններն ու դրանց վերլուծությունները, ինչպես նաեւ տարբեր դատարաններում լրագրողների դեմ բացված զրպարտության մեղադրանքով դատական գործերը: Ըստ գրքի խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի անդամ Լիանա Սայադյանիՙ մեր երկրում, ի տարբերություն ամբողջ աշխարհի, որտեղ անցյալ տարի 76 լրագրող է սպանվել, նման դեպքեր չկան: «Փոխարենը Հայաստանում շատ են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը, որոնք աճի միտումներ ունեն», նկատեց Լիանան: Իսկ որ ոստիկանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարում են, թե լրագրողների դեմ բռնությունները «դժվար բացահայտվող հանցագործություններից» են, ըստ Լիանա Սայադյանիՙ չեն համապատասխանում իրականությանը. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ գործերի առնչությամբ հաճախ նույնիսկ քրեական գործեր չեն բացվում», նշեց Լիանան: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը նույնպես նկատեց, որ Հայաստանում լրագրողների դեմ բռնությունների մեծամասնությունը բացահայտված չէ: Առհասարակ մեր երկրում ոստիկանությունը, Լիանա Սայադյանի խոսքերով, ամենափակ ոլորտն է լրագրողի համար. «Օրինակՙ դատախազության հետ ավելի հեշտ է աշխատել, քան ոստիկանության», ասաց Սայադյանը:

Անդրադառնալով լրագրողների դեմ դատարաններում սկսված դատական գործերի քննությանը` Լիանա Սայադյանը նկատեց, որ դրանք հիմնականում վերաբերում են զրպարտությանը: Իսկ լրագրողին ներկայացված նման մեղադրանքը ե՛ւ Սայադյանի, ե՛ւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցչի խոսքերով, պետք է ապաքրեականացվի. «ԶԼՄ-ները պետք է ինքնակառավարվեն, սա շատ հարցերի լուծման լավագույն տարբերակն է», ընդգծեցին բանախոսները: Լիանա Սայադյանի կարծիքով, սակայն, կոնկրետ զրպարտության դեպքում, եթե այն ապաքրեականացվի, կարող են ԶԼՄ-ների համար առաջանալ տնտեսաֆինանսական խնդիրներ. «Հատկապես հայկական տպագիր մամուլի վիճակն այնպիսին է, որ դժվար թե դիմանան այդ պահանջներին, հետեւաբար կա վտանգ, որ լրատվամիջոցները կարող են կիրառել ուժեղ ինքնագրաքննություն», նկատեց Լիանան:

Իսկ այն հարցին, թե արդյոք մեղավոր չէ՞ հենց լրագրողն ինքը, երբ հրահրում է սեփական անձի նկատմամբ բռնություն, Լիանա Սայադյանը պատասխանեց, որ ամեն դեպքում չի կարելի թույլ տալ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառումը:

Վերջում երկու բանախոսներն էլ եւս մեկ անգամ կարեւորեցին ԶԼՄ-ների եւ առանձին լրագրողների ինքնակառավարման անցնելու անհրաժեշտությունը. «Լրագրողները, լավ կլինիՙ ավելի փաստարկված գրեն նյութերը, ավելի հիմնավորված», եզրափակեց Լիանա Սայադյանը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հ.Գ. - Ի դեպ, լրագրողների նկատմամբ բռնությունների թեման հայկական հեռուստաընկերություններից հետաքրքրել էր միայն «ԱՐ»-ին եւ «Երկիր-Մեդիային», երեւի ոչ հեռուստատեսային լրագրողներն ավելի շա՞տ են ենթարկվում բռնությունների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4