Երեկ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստում «ապագան մասնագիտական համաժողովներինն է եւ դրանց շուրջը պետք է լուրջ աշխատանքներ տարվեն» նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը եւ տեղեկացրեց, որ «նախորդ տարի նախարարության կազմակերպած երեք համահայկական համաժողովները տվեցին իրենց դրական ու շատ կարեւոր արդյունքը»: Անդրադառնալով «Ճարտարապետների համահայկական առաջին համաժողովին», Հ. Հակոբյանը նշեց, որ Երեւանի նախկին Երիտասարդական պալատի տեղը կառուցվելիք շինության համար հայտարարված մրցույթին մասնակցության 1200 հայտերից 800 եղել են սփյուռքահայ ճարտարապետներ, որը գնահատելի փաստ է:
Ատյանի նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց: ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս. Պետրոսյանը ներկայացրեց կառավարության որոշումը, որով 2010-ին կկազմակերպվեն հետեւյալ համահայկական մասնագիտական համաժողովներըՙ «ՀՀ բուհերն ավարտած սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման սկզբունքները» եւ «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» թեմաներով:
Այնուհետեւ ներկայացվեց այն նախապատրաստական աշխատանքները, որոնք կկայանան ապրիլ ամսին: Ապրիլի 21-22-ը, նվիրվում է Ցեղասպանության 95-ամյակին եւ կրում է «Մշակութային եղեռն» գիտական համաժողով խորագիրը: Ցեղասպանության թանգարանի տնօրեն, ատյանի անդամ Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ համաժողովի օրերին կլինեն գիտական զեկուցումներ, քննարկումներ, լուսանկարների ցուցահանդես: «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» թեմայով համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին, որը տեղի կունենա ապրիլի 25-26-ին, զեկուցումով հանդես եկավ Արման Եղիազարյանը: Խորհրդաժողովի նպատակն է քննարկել եւ բացահայտել սփյուռքյան խառնամուսնական ընտանիքներում ազգային ինքնության որակների պահպանման հետ կապված դժվարությունները եւ հիմնախնդիրներըՙ լեզու, ավանդույթներ, կրոն, երեխաների դաստիարակություն, ընտանեկան հարաբերություններ եւ այլն: Ակնկալվում է, որ կլինեն կառուցողական քննարկումներ եւ վերլուծություններ:
Ընթացիկ հարցերի շարքին Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում կանցկացվեն լրագրողների, գրողների, նկարիչների ու մշակութային փառատոներ: Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում եւ սփյուռքում շարունակվում են մայրենիին նվիրված հանդիսությունները: Շարունակվում են Եղեռնի հուշարձաններին նվիրված պատկերագրքի ստեղծման աշխատանքները: Եղեռնի 95-ամյակի առիթով պայմանավորվածություն է ձեռք բերվել Սունդուկյանի ակադեմիական թատրոնի հետ ապրիլի 20-30-ը չորս ներկայացումների ցուցադրության շուրջը: Ընթացքի մեջ է նաեւ աշխարհի տարբեր երկրներում տեղադրված ցեղասպանությանը նվիրված հուշարձանների մակետների համահավաք ցուցադրական վայր ստեղծելու ծրագիրը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ