«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2010-03-02 | #37, 2010-03-03 | #38, 2010-03-04


ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՃԳՆԱԺԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«ՆյուՅորք թայմս» թերթի 1929 թվականի մարտի 31-ի համարում գրված է, որ Հայաստանում 1920-ականներին գործել է 32 կինոթատրոն:

«Երեւանում հիմա ունենք ընդամենը մեկ ու կես կինոթատրոն,որտեղ հնարավոր է 35 միլիմետրով ֆիլմ ցուցադրել, այսինքն` 3 գործող էկրան` 2-ը «Մոսկվա» կինոթատրոնում, մեկը` «Նաիրի», իսկ միլիոն ու կես բնակչություն ունեցող քաղաքի համար դա շատ քիչ է: Ճիշտ է, կինո «Նաիրին» գործում է, բայց այնտեղ աշխուժություն չկա, նույնիսկ գովազդային պաստառները պատշաճ ձեւով կախված չեն, իսկ կինոթատրոնի ներքեւի մասն ամբողջովին զբաղեցրել են խանութները, ասում է կինոպրոդյուսեր Մելիք Կարապետյանը, «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնի հրաշալի դահլիճը, որտեղ տեղավորում էր շուրջ հազար հոգի, տարիներ շարունակ չի գործում, մինչդեռ Հայաստանում այդպիսի կինոդահլիճ չունենք»:

Գործող 2 կինոթատրոններում էլ հիմնականում ցուցադրվում են բլոկբաստերներ` ֆիլմեր, որոնք վայելում են մեծ մասսայականություն, բայց չեն համարվում համաշխարհային կինոյի արժեքներ: Բլոկբաստերները, որոնց բյուջեն կազմում է մի քանի միլիոն դոլար, սովորաբար ունենում են գովազդային մեծ ընկերություններ: Կինոարվեստը, սակայն, չի սկսվում ու վերջանում միայն բլոկբաստերներով, իսկ որտե՞ղ դիտել այնպիսի բարձրարժեք ֆիլմեր, որոնք տեղ են գտել կինոյի պատմության մեջ:

Մելիք Կարապետյանի նախաձեռնությամբ շաբաթ եւ կիրակի օրերին` ազգային պատկերասրահի կինոդահլիճում, ցուցադրվում են համաշխարհային կինոյի լավագույն օրինակները` սկսած համր կինոյից` վերջացրած ժամանակակից ֆիլմերով:

«Տարիներ առաջ այդպիսի ֆիլմեր դիտել եմ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում: 2001-ին այնտեղ իմ նախաձեռնությամբ ցուցադրվել են Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը: Երբ վերադարձա Երեւան, մտածեցի` լավ կլինի, որ մեր պատկերասրահում էլ ունենանք ֆիլմերի ծրագիր: 2004-ին դիմեցի պատկերասրահի տնօրինությանը, որն էլ ընդունեց իմ մտահղացումը, պատմում է ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանը, ֆիլմերը մեծ դժվարությամբ եմ ձեռք բերում, երբեմն լինում են նվիրատվություններ, օրինակ` անցյալ տարի Վաշինգտոնի ազգային պատկերասրահը 50 ֆիլմ ուղարկեց, բայց հիմնականում ցուցադրում եմ իմ անձնական կինոդարանից»:

Մինչեւ մարտի վերջը պատկերասրահում ցուցադրվելու են ճապոնացի ռեժիսոր Ակիռա Կուռասավայի ֆիլմերը: Ծրագիրը նվիրված է ռեժիսորի ծննդյան 100 ամյակին, իսկ ապրիլին լինելու է համր ֆիլմերի ռեգիոնալ փառատոն, որի ժամանակ ցուցադրվելու են հայկական, վրացական ու ադրբեջանական ֆիլմեր:

Կինոդիտումներին ամեն անգամ ներկա են լինում ընդամենը 10-15 հոգի, եւ մուտքի տոմսերի հաշվին հավաքվում է չնչին գումար, որով նախ անհնար է ֆիլմեր ձեռք բերել, եւ բացի այդ պատկերասրահը ծրագրին աջակցում է միայն դահլիճով:

«Ֆինանսավորում չլինելու պատճառով այս սեզոնի ծրագիրը չի տպագրվել:Աջակցելու համար ամեն անգամ պետք է դիմես, խնդրես տարբեր կազմակերպությունների, բայց 5 տարի շարունակ խնդրելուց հոգնում ես: Արտասահմանում նման ծրագրերը ֆինանսավորվում են պետական կամ մասնավոր մշակութային ֆոնդերի կողմից», նշում է Մելիք Կարապետյանը:

Պատկերասրահն ուսանողների համար հատուկ զեղչեր է անում, երբեմն թույլ է տալիս անվճար դիտել ֆիլմերը, բայց ուսանողները, այն էլ ռեժիսուրայի կամ դերասանական բաժինների, հետաքրքրություն չունեն համաշխարհային կինոյի հանդեպ, այնինչ պատկերասրահում նրանք կարող են տեսնել այն հեղինակների աշխատանքները, որոնց մասին կարդում են ուսանողական դասագրքերում:

Արդյունքում ունենում ենք մի տխուր պատկեր` չկա տեղական կինոարտադրություն, չկա հետաքրքրություն կինոարվեստի պատմության հանդեպ:

«Տեղական կինոարտադրությունը վերջացավ խորհրդային կարգերի փլուզումով: Տարեկան 1-2 ֆիլմ է արտադրվում, ինչը շատ քիչ է, սակայն մի հաջողված ֆիլմը պետական բյուջեին կարող է բավականին մեծ եկամուտ բերել: Մեր օրենսդրական դաշտը կինոարտադրության համար խիստ անբարենպաստ է», ասում է Մելիք Կարապետյանը:

Կինոարտադրության մեջ կա մի օրենք, որ 10 ֆիլմից միայն մեկն է հաջողված լինում: Հիմա ամբողջ աշխարհում պտտվում է իրանական կինոյի ֆենոմենը, բայց դա իրանական կինոարտադրանքի 10%-ն է, մնացյալը չհաջողված ֆիլմեր են: Եթե Հայաստանում տարեկան արտադրվում է 1-2 ֆիլմ` մոտավորապես 90 րոպե, ապա տարեկան ունենում ենք ընդամենը 10 րոպե տեւողությամբ որակյալ արտադրանք:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4