Առանց այս առաջադրանքի կատարման Անկարան հազիվ թե կանխի օրինագծի հաստատումը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում
Հոդվածը գրելու պահին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռեւս քվեարկության չէր դրել Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 252 օրինագիծը: Սակայն հանձնաժողովի ղեկավար Հովարդ Բերմանի հայտարարությունները, Վաշինգտոն գործուղված թուրք պատգամավորների երկու պատվիրակության հիասթափությունն ու թուրքական մամուլի միջոցով Անկարայից ստացած արձագանքները բոլոր հիմքերը տալիս էին ենթադրելու, որ հանձնաժողովը կողմ կքվեարկի օրինագծին:
Չնայած քվեարկության նախօրյակին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ըստ երեւույթին օրինագծի եթե ոչ քվեարկությունը հանձնաժողովում կանխելու, ապա գոնե քննարկումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կասեցնելու խնդրանքով, հայտարարությամբ էր հանդես եկել պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն. «Թող ոչ ոք մեզ չփորձարկի, բազմաբնույթ համագործակցության (ԱՄՆ-ի հետ) զարգացման ներկա փուլում այդպիսի օրինագծի ընդգրկումը օրակարգում հակասում է էթիկայի կանոններին: Նման օրինագծերով ճնշում բանեցնել Թուրքիայի վրաՙ կնշանակի որպես պետության չճանաչել Թուրքիային: Օրինագիծը կվնասի նաեւ Հայաստանի հետ հարաբերություններին», սակայն թուրքական մամուլը գրում էր, որ Ներկայացուցիչների պալատի 137 անդամի ստորագրությունը կրող օրինագիծը տապալելու համար բավարար չեն Անկարայի ջանքերը:
Այդ ջանքերի ապարդյուն լինելը նախապես գիտակցում էին նաեւ Թուրքիայի ղեկավարները, որ նախքան հանձնաժողովում օրինագծի քվեարկությունն իրենց առջեւ դրել էին նոր առաջադրանքներ: Մասնավորապես հասնել հանձնաժողովում օրինագծի ձայների նվազագույն հարաբերակցությամբ հաստատմանը, ինչպես նաեւ կանխել դրա Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկումը: Քանի որ ապրիլի 24-ին Բարաք Օբամայի ելույթում «ցեղասպանություն» բառի արտասանումն օրինագծի քննարկման լայն հեռանկար է բացում աջակիցների առջեւ, ուստի Թուրքիան գործադրում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ԱՄՆ նախագահը չարտասանի այդ բառը:
Այլ կերպ, նախագահ Օբամային ապրիլի 24-ի ելույթում «ցեղասպանություն» բառի արտասանումից զերծ պահելը, որպես ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումով սահմանափակելու, այսինքն կասեցնելու արդյունավետ միջոց դառնում է Անկարայի գլխավոր առաջադրանքը, որն ակամա հանգեցնում է Ներկայացուցիչների պալատում ցեղասպանության ճանաչման հարցի համադրմանը Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցի հետ: Ընդ որումՙ բացի Անկարայից, նաեւ Վաշինգտոնի համար:
Վաշինգտոնը ձգտում է արձանագրություններիՙ նախքան ապրիլի 24-ը վավերացմանը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում տված Բարաք Օբաման ուղերձում ազատ արտահայտվելու հնարավորություն ստանա: Անկարանՙ արձանագրությունները որպես հաղթաթուղթ օգտագործելու համար փորձում է գոնե մինչեւ ապրիլի 24-ը ձգձգել դրանց վավերացման գործընթացը, որ ԱՄՆ նախագահն ուղերձում զերծ մնա ցեղասպանություն բառի արտասանումից:
Այս ամենը ենթադրում է մինչեւ ապրիլի 24-ը լարվածության հարաճուն սրում թուրք-ամերիկյան հարաբերություններում, ինչպես նաեւ կողմերի միջեւ թեժ սակարկությունների ծավալում: Սակարկությունների առումով թերեւս պատահական չէ ապրիլի 11-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոն գործուղելու Անկարայի նկատառումը, որտեղ նա, «Ռեֆերանս» թերթի վկայությամբ, կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ եւ նրան կասի. «Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը հաստատվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, ապա Աֆղանստանի, Իրաքի, Իրանի հարցերում Թուրքիայի մասին կմոռանաս եւ ձեռք կքաշես հայ-թուրքական հաշտեցումից», իհարկեՙ շատ ավելի մեղմ ոճով, քան թուրքական թերթն է ներկայացնում:
Չմոռանանք, որ Թուրքիան, սկսած 50-ականների սկզբներից, եղել է ԱՄՆ-ի խամաճիկը, առավել եւսՙ Իսրայելինըՙ որովհետեւ թուրքական պետությունը սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեաների «ստեղծագործությունն է»: Ի դեպ, Թուրքիայի Հանրապետության խամաճիկության եւ ստեղծագործման հետեւությունը տողերիս հեղինակինը չէ, այլ պատկանում է իսլամիստներին, որոնց մամուլը, հատկապես էլեկտրոնային, հեղեղված են այս կարգի հետեւությունները հիմնավորող բազմաթիվ նյութերով:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ