«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2010-03-03 | #38, 2010-03-04 | #39, 2010-03-05


ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԻ ԸՆԹԱՆԱ»

Մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել 3 օրվա ընթացքում, սակայն ինչ-ինչ պատճառներով չի արվում, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ սպառնալիքով կարգավորման գործընթացը չի ընթանա: Ինչ վերաբերում է թուրք գործընկերոջ հայտարարությանը, Նալբանդյանը փաստել է, որ Անկարան արհեստականորեն ձգձգում է գործընթացը. «Եթե իրականում այդպիսի հայտարարություն է արվել, նշանակում է, որ Թուրքիան դեռ ամիսներ առաջ կարող էր վավերացնել արձանագրությունները, որը չի արել: Արձանագրություններն ուղարկվել էին Թուրքիայի խորհրդարան անցյալ տարվա հոկտեմբերին: Ոչ թե երեք օր է անցել այդ օրվանից, այլ ավելի քան երեսուներեք անգամ երեք: Այսինքնՙ Թուրքիան խոստովանում է, որ արհեստականորեն ձգձգում է վավերացման գործընթացը: Դա ակնհայտ խախտում էՙ ձեռք բերված պայմանավորվածությունների: Եվ ավելին, համաձայնությունների իրականացումը չսկսած, թուրքական կողմը բացահայտ սպառնալիք է հնչեցնում դրա հնարավոր դադարեցման վերաբերյալ: Նախապայմանների լեզվին ավելանում է նաեւ սպառնալիքների լեզուն: Չեմ կարծում, որ առանց այս գործելաոճի վերանայման կարելի է առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4