«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2010-03-03 | #38, 2010-03-04 | #39, 2010-03-05


ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼԱՐՍԻ «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ»

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն կտրականապես բացառել է Հայաստանի համար ռազմական բեռների որեւէ տեսակի փոխադրումը Վերին Լարսի անցակետով: Այդ մասին, ըստ վրացական լրատվամիջոցների, Վաշաձեն հայտարարել է երեկ` մեկնաբանելով ադրբեջանական կողմի անհանգստությունը Լարսով Ռուսաստանից ռազմական բեռների փոխադրման հավանականության առնչությամբ:

«Ես հասկանում եմ ադրբեջանական իմ գործընկերոջ անհանգստությունը, սակայն ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ մի փամփուշտ անգամ չի անցնի Լարսով», ասել է վրաց արտաքին գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ Lարսի բացումը սարսափի բաժին է հանել նաեւ Ադրբեջանի համար: Ադրբեջանցիներն էլ վախի իրենց «հիմնավորումն» ունեն: «Եթե Ադրբեջանը ինչ-որ տեղեկություն ունենա Հայաստան ռուսական զենքի մատակարարման մասին, ապա կարձագանքի` բանակցելով վրացական կողմի հետ», հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Իհարկե, հակառուսական տրամադրությունների ֆոնին վրացական կողմից այլ բան սպասելի էլ չէր կարող լինել, սակայն ինչո՞ւ են հարեւաններն ամենայն բծախնդրությամբ ու անհանգստությամբ խոսք ու զրույցի թեմա դարձրել Հայաստանի համար ռազմական բեռների փոխադրումը, որ, ըստ էության, իրենց որոշելիքն էլ չէ, դժվար չէ կռահել. անինքնավստահ, սակայն ռազմատենչ հայտարարություններ անող Բաքուն իսկապես վախ ունի, ու դա միայն վկայում է, որ ռազմական ճանապարհով հարց լուծող Ադրբեջանի հայտարարությունները սնամեջ են, թեեւ դա էլ հանգիստ լինելու հիմք չէ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4