«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2010-03-03 | #38, 2010-03-04 | #39, 2010-03-05


Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՙ «ԵՎՐՈՆՅՈՒԶ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԻ ԱՌՋԵՎ

Մարտի 3-ին, ժ 17-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքի բնակիչ տասնյակ հայեր, անտեսելով ցուրտ եւ անձրեւոտ եղանակը, հավաքվեցին «Եվրոնյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւՙ վրացական իշխանությունների կողմից երկրի հայ փոքրամասնության եւ, մասնավորապես, ջավախահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով:

ՀՅ Դաշնակցության Ֆրանսիայի Ռոն-Ալպ նահանգի կոմիտեի ներկայացուցիչ ու Վիլլերբան քաղաքի քաղաքապետի խորհրդական Մովսես Նիսանյանը եւ այլ ելույթ ունեցողներ դատապարտեցին ջավախահայության տարրական իրավունքների ոտնահարման քաղաքականությունը, պահանջեցին Եվրոմիությունից քայլեր ձեռնարկել Վրաստանի հայ փոքրամասնության առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու, մասնավորապես, ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի արդար դատավարության իրավունքը ապահովելու:

Ցույցի ավարտինՙ ցուցարարներից կազմված պատվիրակությունը հանդիպեց «Եվրոնյուզ» հեռուստաընկերության համապատասխան պաշտոնատար անձանց հետՙ փոխանցելով նրանց ցույցի նպատակի եւ պահանջների բնույթի վերաբերյալ մամուլի համար կազմված հաղորդագրությունը:

Ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների Լիոնի հայության գործողությունները կրելու են հաջորդական բնույթ: Մասնավորապես, ապրիլի 3-ին նախատեսվում է անցկացնել նոր ցույցՙ ֆրանսիական «FRANCE 3» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջեւ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4