Ղարաբաղյան հակամարտությանը հետեւող յուրաքանչյուր երկրում հաճախ են նշում, որ բանակցային գործընթացը շատ դինամիկ է, հետեւաբար արդյունքներ ակնկալելը` հնարավոր: Ընդ որումՙ այս «փաստը» հաճախ չեն թաքցնում շահագրգիրռ ոչ մի կողմում, համանախագահների մասին էլ չասած: Սոչիում վերջերս կայացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո առավել ակտիվացան քննարկումները նկատվող դինամիկայի վերաբերյալ: Ներկայացված է «ինչ-որ նորացված» փաստաթուղթ, որի վերաբերյալ կողմերը պետք է Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնեն իրենց դիրքորոշումները: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, սակայն, Երեւանում, ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնած Ղազախստանի արտգործնախարար Սաուդաբաեւի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ներկայացվել Ղարաբաղին, չնայած վերջինս տեղյակ է բոլոր ներկայացված փաստաթղթերին: Իսկ Ղարաբաղը, չմոռանանք, հակամարտության առանցքն է, եւ որի ճակատագիրը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում: Բակո Սահակյանն այն ժամանակ շեշտեց նաեւ, որ Ղարաբաղի հարցը չի կարող լիարժեքորեն լուծվել առանց բանակցային գործընթացում Ղարաբաղի անմիջական մասնակցության:
ԼՂՀ նախագահի այս խոսքերը երեկ կրկնեց նաեւ մասնավոր այցով Երեւանում գտնվող ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Ազգի» հեղինակ Վահրամ Աթանեսյանը: Վերջինս շեշտեց, որ խնդրի կարգավորման միակ ձեւը «ԼՂՀ ներկայիս ինքնորոշման միջազգային ճանաչումն է: Իսկ դրանից հետո արդեն, Արցախը, որպես անկախ պետություն, Ադրբեջանի հետ կնստի բանակցությունների` քննարկելու այլ հարցեր»: Ի դեպ այդ «այլ հարցերի» մեջ Աթանեսյանը չի տեսնում ազատագրված տարածքները, քանի որ. «Գոյություն ունի ԼՂՀ, գոյություն ունեն ԼՂՀ սահմանադրությամբ իրեն պատկանող տարածքներ, եւ գոյություն ունեն ԼՂՀ քաղաքացիներ», շեշտեց Աթանեսյանը: Որեւէ այլ տարբերակ խնդրի լուծման, ղարաբաղյան կողմը, ըստ Աթանեսյանի, չի ընդունում, չնայած չի դժգոհում բանակցություններին Հայաստանով ներկայացված լինելուց: «Ղարաբաղում բոլորս շատ լավ գիտենք, որ բանակցություններին Ղարաբաղի չմասնակցելու միակ մեղավորը Ադրբեջանն է», ընդգծեց Աթանեսյանը` հավելելով, որ այս եւ այլ պատճառներով էլ բանակցային գործընթացներում այժմ «պաուզա» է. «Ղարաբաղը չի մասնակցում այդ բանակցություններին, ահա եւ արդյունքը: Ես առհասարակ չեմ էլ կարծում, որ մոտ ապագայում կարելի է արմատական փոփոխություններ ակնկալել հակամարտության լուծման ուղղությամբ», նշեց Աթանեսյանը:
Խոսելով այսօրվա Արցախի խնդիրների մասին` Աթանեսյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ կառավարությունը պետական բյուջեի հաշվին քայլեր է ձեռնարկում հայրենադարձություն կազմակերպելու համար. «Մեր հաշվարկներովՙ այսօր արտասահմանում ապրում են շուրջ 600-700 հազար ծագումով ղարաբաղցիներ, մենք փորձում ենք վերադարձնել նրանց հայրենիք», ասաց Աթանեսյանը:
Վերջում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչը, անդրադառնալով Աբխազիայի նախագահ Բաղապշի երդմնակալության արարողությանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությանը, ասաց. «Արդեն այդ երեւույթը խոսում է այն մասին, որ հիմքեր կան Ղարաբաղի եւ Աբխազիայի միջեւ փոխադարձաբար ճանաչելու միմյանց անկախությունները»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ