Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ղարաբաղյան հակամարտության լուծումը ներկա դրությամբ սեղանին է, անհրաժեշտ են քաջություն ու քաղաքական կամք` եզրափակիչ քայլ անելու համար: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը նման հայտարարություն է արել ադրբեջանական «Ազերիպրես» գործակալությանը տված հարցազրույցում:
«Կարծում եմ, հակամարտության լուծումը հնարավոր է: Լավ լուծում է սեղանին դրված: Ու անհրաժեշտ են քաջություն ու քաղաքական կամք` եզրափակիչ քայլ անելու համար: Ես ենթադրում եմ, որ Ղազախստանի գործող նախագահությունը ԵԱՀԿ-ում եւ Մինսկի խմբի համանախագահները դրանում մեծ դեր են կատարում», ասել է Սոարեշը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կարեւորել է հակամարտության կարգավորման ֆոնին միջխորհրդարանական համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ավելացնելով, որ ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն արդեն տարիներ աշխատում է այդ ուղղությամբ:
Մարտի 9-10 Սոարեշը կսկսի տարածաշրջանային իր այցը Վրաստանից, մարտի 10-13-ը կլինի Հայաստանում եւ արդեն մարտի 13-16-ը` Ադրբեջանում: Սոարեշի գլխավորած պատվիրակությունը տարածաշրջանային այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կանդրադառնա նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Իսկ մինչ այդՙ այսօր Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մտադիր է պարզել, թե մադրիդյան սկզբունքների չհամաձայնեցված կետերի առնչությամբ ինչ առաջարկություններ է արել Հայաստանը: «Ադրբեջանը փաստաթղթի մանրազնին ուսումնասիրությունից հետո, որոշ բացառություններով, հայտարարել է, թե սկզբունքորեն ընդունում է այն: Մենք ուզում ենք իմանալ հայկական կողմի կարծիքը նորացված փաստաթղթի առնչությամբ, ինչի համար էլ մարտի 5-ին կհանդիպեմ Մինսկի Խմբի համանախագահների հետ», երեկ հայտարարել է Էլմար Մամեդյարովը:
Հետաքրքրական է, որ Մամեդյարովը ենթատեքստով կրկին ներկայացրել է Ադրբեջանի մեծագույն ցանկությունը` հակամարտության կարգավորմամբ բաց տեսնելու հայ-թուրքական սահմանը` մնացյալ սահմանների հետ մեկտեղ: Մամեդյարովի խոսքերով, համանախագահների վերջին առաջարկությունները նախատեսում են հակամարտության կարգավորման շրջանակներում հաղորդակցության բոլոր գծերի բացում: Դա էլ, ըստ Մամեդյարովի, նշանակում է, թե «հակամարտության կարգավորումը կբերի ոչ միայն հայ-թուրքական, այլեւ մյուս սահմանների ու հաղորդակցության գծերի բացմանը, ենթակառուցվածքի վերականգնմանը, տնտեսությունների ինտեգրմանը եւ այլն»:
Իսկ թե Հայաստանը ներկայացրել է մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակի առնչությամբ իր առաջարկությունները, բնավ էլ չհստակեցրեց օրերս նույն հարցին պատասխան տված Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դրա փոխարեն, երեկ, Հայաստանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ըստ «Պանարմենիըն. նեթ» կայքէջի, հայտարարել է, թե ի տարբերություն Բաքվի, Երեւանն արդեն ներկայացրել է իր առաջարկությունները նորացված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Ըստ նրաՙ այդ մասին մի քանի օր առաջ հայտարարել է նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ադրբեջանն էլ իր հերթին էր օրեր առաջ հայտարարել, թե ներկայացրել է իր առաջարկությունները, ինչի մասին վկայել էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը:
Այդպես էլ չհստակեցվեցՙ Հայաստանը ներկայացրե՞լ է այդ առաջարկությունները, թե՞ դեռ ոչ: