«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2010-03-03 | #38, 2010-03-04 | #39, 2010-03-05


ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության համար անհրաժեշտ վակցինաների ձեռքբերման նպատակով պետական գնումների գործակալության կողմից հայտարարվում է պարբերական մրցույթ։ 2010-ի հունվարի 13-ին անցկացված հերթական մրցույթի ժամանակ մասնակից կազմակերպություններից միայն մեկն է` «Բիոունիվերսալը» հայտ ներկայացրել դաբաղ հիվանդության պատվաստանյութ ձեռք բերելու համար։ Նշված մասնակցի կողմից ներկայացված գնման հայտը բավարարել է մրցույթի համար սահմանված որակավորման չափորոշիչները եւ հաշվի առնելով վերջինիս միակ մասնակից լինելու իրողությունը, հանձնաժողովը, առաջնորդվելով «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ, վերջինիս էլ ճանաչել է մրցույթի հաղթող։

Մրցույթից առաջ գյուղատնտեսության նախարարը, վերահսկիչ պալատի ղեկավարին խնդրել է լիազորել համապատասխան մասնագետի մրցույթի ընթացքը վերահսկելու համար։ Ավելին, մրցույթից անմիջապես հետո հաղթող կազմակերպության ղեկավարը հրավիրվել է գյուղատնտեսության նախարարի մոտ, որն էլ հորդորել է հնարավորինս իջեցնել մրցույթում հայտարարված գինըՙ 325 դրամ։ Ի պատասխան ներկայացվել են համապատասխան հիմնավորումներ հայտարարված գինը անփոփոխ թողնելու մասին, որոնք էլ այնուհետեւ գրավոր տրամադրվել են նախարարին։

Գաղտնիք չէ, որ մրցույթները կազմակերպում է Պետական Գնումների գործակալությունը, իսկ մրցույթի հետ կապված մանրամասները ներկայացվել են ՀՀ վարչապետին, ինչպես մինչեւ մրցույթը, այնպես էլ մրցույթից հետո։

Այնուհետեւ հաղթող կազմակերպության ղեկավարը հրավիրվել է կառավարության վերահսկողական ծառայություն, որտեղ նա ներկայացրել է գնման ավելի էժան առաջարկ` հրաժարվելով իր շահույթից։

Վերջում վարչապետի հանձնարարականով գյուղատնտեսության նախարարությունը պայմնագիր է կնքել մրցույթում հաղթող նույն միակ կազմակերպության հետ։

Հարկ է նշել, որ նշված ժամանակաշրջանում գյուղնախարարի հրամանով վակցինայի ձեռքբերման ժամանակ նման բարդացումներից խուսափելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունը արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել արտադրող կազմակերպության հետՙ բուժանյութը չմիջնորդավորված ձեւով գնելու համար։

Ամփոփելով ասվածը, հարկ է նշել, որ գյուղատնտեսության նախարարն ինքն է անձամբ առաջինը ահազանգել, որ կա մեկ մասնակից - առաջարկվող գինը բարձր է:

Ներկայացնելով այս ամենը` զերծ ենք մնում այլ մեկնաբանություններից: Իսկ եթե նախարարության երկու պաշտոնյաները այս խնդրում ինչ-որ մեղավորություն ունեն, ապա նշանակված ծառայողական քննությունը այդ ամենը կպարզի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4