ՀՀ ԳԱԱ տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Զորի Բալայանին ԳԱԱ պատվավոր դոկտորի դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ կոչումը շնորհվում է հասարակական ակտիվ գործունեության համար: «Վերջերս լրացավ, հայրենասեր հրապարակախոս, գրող, բժիշկ, ծովագնաց Զորի Բալայանի 75-ամյակը: Նրա կյանքի հիմնական խնդիրն անկախության հաստատումն ու պահպանումն է»: Զորի Բալայանի հասցեին ջերմ խոսքերով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը:
«Գիտակցելով ակադեմիայի նշանակությունը, որը պետության, գիտության խորհրդանիշ է, ես պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա երբեք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային հուսախաբ չանել», իր պատասխան ելույթում նշեց Զորի Բալայանը:
Շնորհավորելով Զորի Բալայանին տեղեկացնենք, որ մարտի 5-ին, ժամը 19.00-ին Կամերային երաժշտության տանը ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է Զորի Բալայանի 75-ամյա հոբելյանական հանդեսին:
Մ. Մ.