Նկարիչների միության առաջին հարկի սրահում այսօր բացվող ցուցահանդեսը նվիրված է կանանց գարնանային միամսյակինՙ կին նկարչուհիների մասնակցությամբ: Հարյուրից ավելի արվեստագետներՙ յուրաքանչյուրը հիմնականում մեկական գործով ներկայացնում են գեղանկարչության տարբեր ժանրեր, կան գոբելեն եւ քանդակ աշխատանքներ (շուրջՙ 40): Մասնակիցները հիմնականում նկարիչների միության անդամներ են, կան նաեւՙ ուսանողներ: Տոնական այս առիթը այնքանով է լավ, որ նրանց ցուցադրվելու հնարավորություն է տալիս եւ չնայած յուրաքանչյուրի 1-2 աշխատանքների, որոշ պատկերացում մեր կին նկարչուհիների մասին կազմել, կարելի է: Ցուցադրված աշխատանքներից քչերն են գեղարվեստական արժեք ներկայացնում:
Կանացի ձեռագիրը թեմատիկ ընտրության մեջ էլ հավատարիմ է իր ներքին էությանը, հաճախակի հանդիպող բնապատկերներ, ծաղիկներ, կանացի ֆիգուրներ եւ այլն: Առհասարակ արվեստի պատմությունը վկայում է, որ կանացի ստեղծագործական հնարավորությունը կերպարվեստի ոլորտում ավելի սահմանափակ է:
Երեկ կեսօրից հետո էքսպոզիցիան դեռ ավարտված չէր ամբողջությամբ, այդուհանդերձ, այսքան բազմաքանակության մեջ անգամ անհատականությամբ օժտված ստեղծագործողի ձեռագիրը տարբերվում է: Աչքի են ընկնում գոբելեն մի քանի աշխատանքներ, ինչպեսՙ Զառա եւ Ալիս Մալոյանների հետաքրքրական մտահղացումըՙ կապույտով, կամ Արեւիկ Գասպարյանիՙ հայկական կարպետների նախշազարդերով երիզված բնանկարային միջավայրը: Գեղանկար աշխատանքների մեջ առանձնանում են մի քանի անուններՙ Լուսիկ Ագուլեցի, Սեդա Բեքարյան, Նորա Հակոբյան, Մարինա Դիլանյան եւ էլի մի քանիսը:
Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Մ. Բ.