Հայ ֆուտբոլիստների արտագնա անդրանիկ հաղթանակը
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում հյուրընկալվելիս իր անդրանիկ հաղթանակը տոնեցՙ 2-1 հաշվով առավելության հասնելով իռլանդացիների նկատմամբ: Ի տարբերություն ազգային հավաքականի, մեր երիտասարդ ֆուտբոլիստներն իրենց հիանալի դրսեւորեցին եւ նույնիսկ 10 հոգով կարեւոր հաղթանակ տոնեցին:
Armsport.am կայքէջի տեղեկացմամբ, իռլանդացիները մարտականորեն էին տրամադրվածՙ փորձելով ռեւանշի հասնել նախորդ տարվա նոյեմբերին Երեւանում 1-4 հաշվով կրած պարտության դիմաց: Հենց դաշտի տերերն էլ 6-րդ րոպեին առաջին գոլային պահը ստեղծեցին, երբ դարպասին հարվածեց Շոն Սկանելը: Սակայն հաջող խաղաց դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանըՙ ոտքով հետ մղելով գնդակը: 4 րոպե անց կարող էր աչքի ընկնել Հովհաննես Գոհարյանը, ով Արտակ Եդիգարյանի փոխանցումից հետո մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, սակայն շեղ հարվածեց:
Աստիճանաբար մեր ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը եւ մինչեւ առաջին խաղակեսի ավարտը երկու անգամ հասան հաջողության: 34-րդ րոպեին վարպետությամբ աչքի ընկավ Լեւոն Հայրապետյանը: Նա սլացիկ անցում կատարեցՙ շրջանցելով մի քանի խաղացողների եւ դիպուկ հարվածով բացեց հաշիվը: 6 րոպե անց Գոհարյանին վայր գցելու համար տուգանային հարված նշանակվեց, որը հիանալի իրացրեց Գեւորգ Ղազարյանըՙ կրկնապատկելով հաշիվը:
Ընդմիջումից հետո Գոհարյանը կարող էր 3-րդ գոլը խփել, սակայն այս անգամ էլ մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, չօգտագործեց նպաստավոր պահը: 78-րդ րոպեին Մասիս Ոսկանյանը հեռացվեց խաղադաշտից: 2 րոպե անց դաշտի տերերն իրացրին թվային առավելությունը: Փոխարինման դուրս եկած Իան Դելին կրճատեց հաշիվը: Ավելին անել իռլանդացիներին չհաջողվեց:
Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես եկավ հետեւյալ կազմով. Էդուարդ Հովհաննիսյան, Արթուր Յուզբաշյան, Արտաշես Առաքելյան, Արտակ Եդիգարյան, Լեւոն Հայրապետյան, Մասիս Ոսկանյան, Արտակ Դաշյան, Էդգար Մալաքյան (Հրաչ Յագան, 70), Դավիթ Մանոյան (Միհրան Մանասյան, 90+3), Գեւորգ Ղազարյան, Հովհաննես Գոհարյան:
Խաղից հետո «Տալագտ» մարզադաշտում հավաքված հայ ֆուտբոլասերները շնորհավորել են մեր ֆուտբոլիստներին, որոնք իրենց մարզաշապիկները նվիրել են նրանց: Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւն Armsport.am-ի թղթակցին հետեւյալն է հայտնել. «Շատ լավ խաղացինք առաջին խաղակեսում, իսկ երկրորդում նյարդային պայքար ծավալվեց, ինչին նպաստեց նաեւ Մասիս Ոսկանյանի հեռացումը: Ճիշտ է, 2-րդ խաղակեսում էլ գոլային 3 պահեր ստեղծեցինք ու կարող էինք խոշոր հաշվով հաղթել: Իհարկե, եթե Հենրիխ Մխիթարյանը մասնակցեր հանդիպմանը, մեզ ավելի հեշտ կլիներ դիմակայել մրցակցին: Կարծում եմ, որ ավելի բարենպաստ խաղացանկի դեպքում մենք ավելի լուրջ հաջողությունների հասած կլինեինք: Ստիպված էինք մեկնարկում երկուական անգամ մրցել խմբի ուժեղագույն հավաքականներիՙ Թուրքիայի եւ Շվեյցարիայի հետ»:
Այս հաղթանակից հետո մեր հավաքականը որոշակի հնարավորություններ է պահպանում պայքարելու 2-րդ տեղի համար, ինչը հնարավորություն կտա անցումային խաղերում պայքարելու եզրափակիչի ուղեգրի համար (այդ իրավունքը ստանում են 10 խմբերում 2-րդ տեղ գրաված հավաքականներից չորս լավագույնները): Ընտրական 2-րդ խմբում կայացած մյուս խաղում Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց էստոնացիներին:
Ընտրական հաջորդ հանդիպումը Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի մայիսի 20-ինՙ հյուրընկալվելով Էստոնիայի ֆուտբոլիստներին: Մեր ընտրանին 2 անգամ էլ մրցելու է վրացիների հետ:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Շվեյցարիա | 7 | 5 | 1 | 1 | 14-6 | 16 |
2. Թուրքիա | 6 | 3 | 1 | 2 | 10-9 | 10 |
3. Էստոնիա | 7 | 2 | 3 | 2 | 6-8 | 9 |
4. Վրաստան | 6 | 2 | 2 | 2 | 8-5 | 8 |
5. Հայաստան | 7 | 2 | 1 | 4 | 11-14 | 7 |
6. Իռլանդիա | 7 | 0 | 4 | 3 | 6-13 | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ