ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել եւ հանգրվանել է 103-րդ տեղում: Բելառուսի ընտրանին, որին մերոնք զիջեցին 1-3 հաշվով, 79-րդ տեղում է:
Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Ռուսաստանի ընտրանին, որը զբաղեցնում է 12-րդ տեղը: Ռուսները նախորդ ամսվա համեմատ մեկ հորիզոնականով առաջադիմել են: Սլովակիայի հավաքականը 5 հորիզոնականով է բարձրացելՙ զբաղեցնելով 31-րդ տեղը: Իսկ ահա 39-րդ տեղում ընթացող իռլանդացիները 2 հորիզոնականով նահանջել են: Մակեդոնացիները պահպանել են իրենց տեղը 64-րդ հորիզոնականում: Ամենացածր վարկանիշն ունի Անդորրայի ընտրանին, որը ՖԻՖԱ-ի անդամ 207 երկրների շարքում 202-րդ տեղում է:
Լավագույն տասնյակում միայն մեկ փոփոխություն է կատարվել: Ուժեղագույնների շարքում ընդգրկվել է Հունաստանի հավաքականըՙ տասնյակից դուրս թողնելով Եգիպտոսի ընտրանուն, որը նահանջել է 17-րդ հորիզոնական: Իրենց դիրքերը պահպանել են առաջին քառյակում գտնվող հավաքականներըՙ Իսպանիան, Բրազիլիան, Հոլանդիան եւ Իտալիան: Գերմանիայի ընտրանին շրջանցել է պորտուգալացիներին եւ տեղ է զբաղեցրել 5-րդ հորիզոնականում: 7-րդ տեղը պահպանել են ֆրանսիացիները, իսկ Անգլիայի եւ Արգենտինայի հավաքականները տեղերով փոխվել են:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ